Մայիսի 12-ը բույսերի առողջության պաշտպանության օրն է: Եւ, բնականաբար, 95-ամյա փորձով իմաստնացած, բայց ժամանակին համընթաց քայլող մեր բուհը հանդիսավորությամբ նշեց այս տոնը: Մեկ առողջություն հորջորջված ընդգրկուն համակարգում առաջին օղակն է բույսը, որի առողջության համար պատասխանատու ենք բոլորս: Բայց այս առումով առավել կարեւոր առաքելություն է իրականացնում մասնագետների անխոնջ փաղանգը: Ընդսմին, անմռունչ բույսերի լռության լեզուն հասկացող մասնագետներ կերտում է միայն ու միայն Ագրարայինը:
Ողջունելով ներկաներին, ռեկտոր Հրաչյա Զաքոյանը իրավացիորեն նկատեց՝ մեր կյանքի երաշխիքն է բույսը, որի օգնությամբ շնչում ենք, բուժվում, սնվում եւ պարզապես գեղագիտական հաճույք ստանում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, մեր բուհի լավագույն շրջանավարտներից մեկը Տաթեւ Սարգսյանը նշեց, որ ագրարային ոլորտը մեր տնտեսության առաջնահերթություններից է, եւ միշտ կարեւորվելու են խորքային, գիտելիքահենք ուսուցումը, նորագույն տեխնոլոգիաները, արդյունավետ համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ: Եւ որքան էլ առաջին հայացքից աննկատ լինի բույսերի առողջության պաշտպանի աշխատանքը, մենք շնորհակալությամբ գնահատում ենք:
Հատկապես Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ, բույսերի պաշտպան Արմենակ Տեր-Գրիգորյանի ջանքերով է, որ արդեն երրորդ տարին է մեր բուհում հանդիսավորությամբ նշվում է այս տոնը: Ագրարայինի բանիմաց մասնագետներն ամենուր են՝ մաքսակետեր, ջերմատներ, ինտենսիվ այգիներ, լաբորատորիաներ եւ ախտորոշման կենտրոններ: Պարոն Տեր-Գրիգորյանը նաեւ անդրադարձավ այս մասնագիտության 100-ամյա ակադեմիական պատմությանը: Եւ հետահայացն ուղեկցվում է սահասալիկների ցուցադրությամբ:
Այնուհետեւ, պարոն Զաքոյանն ու տիկին Սարգսյանը համապատասխանաբար՝ բուհի եւ նախարարության կողմից շնորհակալագրեր եւ պատվոգրեր հանձնեցին ոլորտի երախտավորներին:
Ագրարայինը շուրջ 250 ընկերության հետ արդյունավետ համագործակցության օրինակելի փորձ ունի, այդ թվում՝ բույսերի բուժանյութեր արտադրողների, որոնց ապրանքների ցուցադրությունն էր կազմակերպվել ճեմասրահում: