Միջնադարում բժշկագիտական երեք լեզվից մեկը հայերենն էր՝ լատիներենի եւ արաբերենի հետ հավասարազոր: Դեղագիտական գրականության եզրույթներն էլ բերվում էին մեր լեզվում եղած համարժեքների հետ միասին: Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու հեղինակության, նրանց հիմնած դպրոցների հետեւանքներն էին, որ երկար կյանք ունեցան, մինչեւ նոր ժամանակներ…
Բառարանն ու հանրագիտարանը ամենահիմնարար շտեմարաններն են եւ հաճախ չեն ստեղծվում: Հեշտությամբ չեն ստեղծվում: Տարիների տքնաջան աշխատանք են պահանջում, հիմա ո՞վ դրանց «հավեսը» ունի: Մի կերպ տեղավորվել ու ապրում ենք համացանցում:
Պրոֆեսոր Ռազմիկ Մխիթարյան եւ դոցենտ Մարգարիտա Միրզոյան ամոլը մեր բուհի հենասյուներից են, ակադեմիական կրթության ճշմարիտ նվիրյալներ, որոնք առաջին կուրսերում հիմքն են դնում մասնագիտության: Ամուր, անսասան հիմքը: Մի քանի տասնյակ դասագրքերի, մեթոդականների, մի քանի հարյուր հոդվածի հեղինակներ են, բայց անաղմուկ, առանց ծնծղաների են անում իրենց գործը: Հիմա էլ բառարան են կազմել, որը պարունակում է 3013 եզրույթ, որոնցից բջջաբանությունից 321, զգայարաններ՝ 286, անոթաբանություն՝ 183… հեղինակները ողջ ցանկի թվաբանությունը գիտեն:
-Բառարանի հիմնական նպատակն է ներկայացնել բջջաբանության, սաղմնաբանության, հյուսվածաբանության լայնորեն կիրառվող եզրույթների եւ բառակապակցությունների հայերեն, ռուսերեն, լատիներեն տարբերակներն ու դրանց ստույգ հնչյունաբանական հենքը, ինչպես նաեւ ընդհանրացրել ենք հյուսվածաբանության ոլորտի տարերայնորեն կուտակված փորձը,- ասում է պրոֆեսոր Մխիթարյանը:
Ընդ սմին, եզրույթները հայերենացվել են, որի շնորհիվ նյութն ընկալելը-յուրացնելը ավելի դյուրին կդառնա: Եթե օրգանը կամ դրա առանձին միկրոկառուցվածքներն ունեն մեկից ավելի անվանումներ, ապա բառարանում դրանք բերվում են առանձին-առանձին, եւ տրված են դրանց ճիշտ արտասանության հայերեն տառադարձությունները:
Հավելենք, որ այս խիստ կարեւոր աշխատանքի մասին բարձր կարծիք են հայտնել Երեւանի պետական, Բժշկական համալսարանների, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գործընկերները, որոնք եւս այս հրաշալի բառարանի շահառուներից կդառնան:
Բառարանն առկա է ՀԱԱՀ էլեկրոնային գրադարանում այս հղմամբ: