Մարտի 16-ին տեղի ունեցավ գործատուների հետ հանդիպում՝ AFISHE «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում: Հանդիպմանը ներկա էին ծրագրի համակարգող ՀԱԱՀ-ի թիմը եւ հայաստանյան մյուս երկու գործընկերների՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան։
Հանդիպման հիմնական նպատակն էր վերհանել այն բոլոր առանցքային խնդիրները, որոնց, ըստ գործատուների, բախվում են ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության ոլորտի աշխատողները եւ պատկերացում կազմել, թե ինչ մասնագետների կարիք կա նշված ոլորտներում։ Հանդիպումը նաեւ միտված էր համալսարան-ձեռնարկություններ-հետազոտություն համագործակցության հնարավորությունների քննարկմանը։ Գործատուները ներկայացրեցին, թե ինչպիսի կարողություններով եւ հմտություններով մասնագետների կցանկանան տեսնել իրենց կազմակերպություններում եւ ինչ ուղղություններ է անհրաժեշտ ներառել ծրագրի շրջանակում ստեղծվող «Ակվակուլտուրա եւ ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում։
ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց ծրագիրը, ծրագրի նպատակը, տեւողությունը, գործընկերներին եւ ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների հերթականությունը։ Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից նախագծի համակարգող Բարդուխ Գաբրիելյանը խոսեց ծրագրի շրջանակում իրականացված լայնածավալ հենանշման (բենչմարկինգի) մասին։ Հենանշում են անցել ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի, Կանադայի նույնանման մագիստրոսական ծրագրերը։
Քննարկմանը գործատուներից ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության, «Զով ֆիշ» ընկերության, Սեւան ազգային պարկի, «Մանան ֆիշ» ընկերության ներկայացուցիչները։ Գործատուներն առաջարկեցին մագիստրոսական ծրագրի մեջ ներառել մասնագիտական այնպիսի կարողություններ, ինչպիսիք են սակավաջրության խնդրի լուծումը, շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելումը, ձկների հիվանդությունների կանխարգելումը եւ բուժումը, ձկների անհետացող տեսակների վերարատադրությունը, ձկնաբուծական տնտեսությունների նախագծումը եւ կառավարումը։ Ըստ գործատուների, անհրաժեշտ է ուսումնական պլանի մեջ ներառել հիդրոքիմիկոսի, հիդրոկենսաբանի, ձկնաբույծի, ձկնաբանի մասնագիտությունները։ Հնչեցին նաեւ նշված ոլորտներում կարճաժամկետ դասընթացներ կազմակերպելու առաջարկներ։
Ներկայացված առաջարկները հիմք կհանդիսանան «Ակվակուլտուրա եւ ձկնային տնտեսության» մագիստրոսական ծրագրի ճշգրիտ նախագծման համար՝ բիզնեսի եւ ժամանակակից հասարակության պահանջներին համահունչ։