Հաղթանակ՝ նաեւ վոլեյբոլում. ավարտվեցին «Դասախոսական գավաթի» մրցումները

Ագրարային համալսարանի թիմն այսօր հաղթանակ տոնեց «Դասախոսական գավաթ 2022» միջբուհական մարզական խաղերի վոլեյբոլի եզրափակիչում ուժեղ մրցակցի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուժեղ թիմի հետաքրքիր, գրավիչ մրցապայքարում:

«Առաջին սեթում զիջելով մրցակցին, մենք այդուհանդերձ զգում էինք, որ պետք է եւ կարող ենք բեկել խաղի ընթացքը՝ մրցակցին փորձելով թելադրել մեʹր «ձեռագիրը», տեմպը»,- ասում է ՀԱԱՀ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հայկ Կիրակոսյանը, որ թիմի մյուս անդամների նման իրեն լավագույնս դրսեւորեց խաղահրապարակում: Ի դեպ, մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց մեր թիմից Մաքսիմ Մելքոնյանը: Փայլուն խաղով հաղթելով երկու սեթում, Ագրարայինը բաղձալի գավաթը բերեց մեր համալսարան։

Եզրափակիչն անցկացվեց խաղերի կազմակերպիչ բուհի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում: Այսօր վոլեյբոլի եզրափակիչ մրցախաղով ավարտված «Դասախոսական գավաթը» մեկնարկել էր հունվարի 25-ին:

ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ եւ խաղերի կազմակերպման երախտավոր Հովհաննես Գաբրիելյանի ձեւակերպմամբ, վոլեյբոլն, այնուամենայնիվ, մնում է «Դասախոսական գավաթի» ամենասպասված ու հեղինակավոր մարզաձեւը, չէ որ 8 տարի առաջ հենց այս մարզաձեւով են մեկնարկել Տնտեսագիտականի մեր գործընկերների նախաձեռնած գեղեցիկ, կարեւոր եւ տարեցտարի ավելի մեծ ժողովրդականություն վայելող խաղերը: Այս տարի մասնակցել են արդեն 13 բուհերի ավելի քան 250 դասախոսներ ու աշխատակիցներ:

Եզրափակիչից հետո 1-ինից 3-րդ մրցանակներ շահած դասախոս մարզիկներն իրենց մրցանակները ստացան ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գոլոյանից, ընդ որում՝ բոլոր մարզաձեւերից, որոնք այսօր արդեն 7-ն են՝ արագ շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, ուժային եռամարտ, պարանի ձգում եւ վոլեյբոլ: Տիկին Գալոյանը ջերմորեն շնորհավորեց մրցանակակիրներին եւ բարձր գնահատեց մասնակիցների ակտիվությունը, համախմբվածությունը:

Մեր վոլեյբոլիստներից բացի, պատվավոր 1-ին մրցանակներ ստացավ նաեւ արագ շախմատի կանանց մրցաշարում մրցակիցներին գրեթե «չնկատած» մեր Հերմինե Մխիթարյանը, եւ տղամարդկանց մրցաշարում 2-րդը ճանաչված Կարեն Չախոյանը:

Հայկ Կիրակոսյանի համոզմամբ, Ագրարայինի դասախոսները պատրաստ են նաեւ մարզական մարտահրավերների: