ՀԱԱՀ թիմի հանդիպումները Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում՝ LISS24 ծրագրի շրջանակում

Տարեսկզբին մեկնարկած LISS24 («Սովորեք-նորարարեք-վաճառեք-հաջողեք») նախագիծը իր հերթական հագեցած հանդիպումն էր կազմակերպել ծրագիրը համակարգող բուհերից մեկում՝ Իսպանիայի պոլիտեխնիկական համալսարանում (UPV): Եռօրյա դասընթացին մասնակցել է ՀԱԱՀ LISS24 թիմը՝ Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, LISS24  ծրագրի ՀԱԱՀ համադրող Արթուր Ալթունյանը, Ագրոբիզնեսի կառավարման եւ  քաղաքականության ամբիոնի դասախոս, LISS24  ծրագրի մասնագետ Հասմիկ Գեւորգյանը, Մեքենասարքավորումների ճարտարագիտություն եւ տեխնիկական անվտանգություն ամբիոնի դասախոս,  LISS24  ծրագրի մասնագետ Արմեն Բաբայանը։

Դասընթացին մասնակցում էին նաեւ ծրագրում ներառված՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետություն եւ շինարարության հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաեւ Վրաստանի երեք համալսարանների գործընկերները։

Հանդիպումը շատ հագեցած օրակարգ ուներ եւ նվիրված էր նորարարության մրցույթներին առընչվող աշխատափուլին։ Կազմակերպված դասընթացը միտված էր նաեւ ՀԱԱՀ-ում ագրոտեխնոլոգիական գյուտերի, գիտական արդյունքի առեւտրայնացման համար վաճառքի լաբորատորիաների ձեւավորման նպատակով ապագա դասընթացավարների վերապատրաստմանը։

Ինչպես տեղեկացնում է պարոն Ալթունյանը, ծրագրի ընթացքի, կատարված եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ եղել են բաց քննարկումներ, հնչել են տարբեր առաջարկներ, հստակեցվել կատարման ժամկետները եւ գործողությունները։

Աշխատանքային բոլոր փաթեթների թարմացման նպատակով միասնական առցանց համակարգող հանդիպում է կայացել LISS24 գլխավոր համակարգող Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի (Ֆինլանդիա) թիմի ծրագրի ղեկավարի ու համադրողի հետ, որի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի բոլոր շահառու համալսարանների թիմերի ղեկավարները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները։

Դասընթացավարների վերապաստաստման գործընթացում մատուցվել են երեք կարեւոր թեմաներ՝ ստեղծարար մտածողություն, բիզնեսի ազդեցության գնահատում եւ բիզնես մոդելավորում, որոնք նպաստում են կրթական եւ բիզնես գործունեության մերօրյա մարտահրավերների ընկալման եւ լուծման արդի մեթոդների կիրառմանը։

Դասախոսություններով հանդես եկան UPV-ի պրոֆեսոր Գաբրիել Սոնգելը, որն արտադրական դիզայնի հայտնի մասնագետ է։ Ներկայում համակարգում է ներհամալսարանական նորարարական խմբերից մեկը, որը մասնավոր հատվածից ընդունում է առեւտրային պատվերներ եւ բացառապես համալսարանական աշխատակազմով իրականացնում մասնագիտական խորհրդատվություն եւ B2B ձեւաչափի աշխատանքներ։

Երկրորդ օրը ձեռնարկչական էկոհամակարգի կառավարիչ Իսրաել Գրիոլ Բարեսը անցկացրել է նորարարությունն ու ձեռներեցությունը խթանող թիմային սեմինար պարապմունքներ՝ նորարարության միջավայրի նախագծման խորհրդատվության, նորարարական դասընթացների եւ մրցույթների, նախագծի/մրցույթի վրա հիմնված ուսուցման, մարտահրավերներին ճիշտ արձագանքելու եւ ստարտափ ինկուբատորների ընդլայնման թեմաներով։

Ներկայացնում էր նորարարական լուծումների դերն ու կարեւորությունը ներկա մարտահրավերների, կլիմայական փոփոխությունների, արդյունաբերական մասշտաբների հասնող արտանետումների եւ խնդիրների պարագայում։ Նորարարական լուծումները, բացի նոր մոտեցումներ լինելուց, նաեւ այլընտրանք են բերում, նոր որակ, արդյունավետության նոր մակարդակ, եւ դրա համար անհրաժեշտ է նոր մտածելակերպ եւ մոտեցումներ՝ խնդիրները ձեւակերպելիս, լուծումներ փնտրելիս։

Երրորդ օրվա դասընթացի նպատակն էր՝ ձեւավորել ձեռներեցության եւ նորարարության ռազմավարությունը՝ «Շահագրգիռ կողմերի քարտեզագրում» գործիքի օգնությամբ․ բանախոսը պրոֆեսոր Պեդրո Ֆուենտեսն էր։ B2B ձեւաչափի համար շատ կարեւոր այս մեթոդի վերաբերյալ դասախոսությունը նվիրված էր շահագրգիռ կողմերի, ներդրողների կամ ապագա գործընկերների քարտեզագրմանը եւ ըստ կարեւորության նրանց դասակարգմանը, ինչպես նաեւ գաղափարի կամ որոշ չափով որպես արտադրանք արդեն ձեւավորված առաջարկների շուկայական առաջընթացի ապահովմանը։

Եռօրյա դասընթացներն ամփոփվելեն են ՎՊՀ-ի ուսանողների մասնակցությամբ  նորարարության տոնավաճառով։ Նրանք ներկայացրել են զանազան բնագավառների տարբեր մարտահրավերների նորարարական լուծումների իրենց բիզնես մոդելները։

Ուսումնառության ընթացքում հնարավորություն ունեցանք շփվելու իսպանացի, ֆին եւ վրացի գործընկերների հետ եւ դասավանդման ու գիտահետազոտական գործունեության փորձ փոխանակելու։