Այսօր ՀԱԱՀ-ի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ վարժարանի տնտեսագիտական հոսքի 10-րդ դասարանցիները հանդիպեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի հետ:
Ողջունելով տասներորդցիներին, պրոֆեսոր Ղազարյանը հույս հայտնեց, որ նրանք վարժարանն ավարտելուց հետո ուսումը կշարունակեն Ագրարայինում. իսկ այդպիսի որոշում կայացնելու համար հիմնավոր նախադրյալները բազմաթիվ են:
Պրոֆ․ Ղազարյանը համառոտ ներկայացրեց համալսարանի ստեղծման պատմությունը, առկա ֆակուլտետներն ու մասնագիտությունները: Նա նշեց, որ բուհի բոլոր մասնագիտություններն էլ պահանջարկված են, եւ որ համալսարանի շրջանավարտների 85%-ն ավարտելուց հետո առաջին մի քանի տարում անպայման արժանավայել մասնագիտական աշխատանք է գտնում: Պրն Ղազարյանի խոսքով, աշխատանքի տեղավորման բարձր ցուցանիշները պայմանավորված են առհասարակ Ագրարայինի տրամադրած կրթության որակի եւ մասնավորապես, գյուղատնտեսության եւ ագրովերամշակող արդյունաբերության բարդ ոլորտների համար միայն ՀԱԱՀ-ի թողարկած տնտեսագետների պատշաճ որակավորմամբ։
Պրոֆ․ Ղազարյանը նշեց, որ ֆակուլտետի 9 մասնագիտություններից ցանկացածն ընտրելու դեպքում ուսանողի առջեւ բացվում են մասնագիտական կարիերան սկսելու հետաքրքիր, առանձնահատուկ հեռանկարներ։ Մասնավորապես խոսքը Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագրի եւ ԱՄՆ Տեխասի A^M համալսարանի հետ համատեղ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մասին է, որոնք միջազգային չափորոշիչներին համապատասխանող կրթական ծրագրեր են։
Վարժարանի սաները տպավորված էին պրոֆ․ Ղազարյանի եւ փոխդեկանների հետ հանդիպումից, եւ այն դիտարկում են որպես իրենց համար պատիվ ու ապագայի համար որոշումներ կայացնելու հնարավորություն։ Տիգրանն, օրինակ, նշեց․«Նախքան վարժարանի տնօրեն տիկին Հակոբյանի հետ հանդիպումը, անկեղծ ասած, ոչ Ագրարային համալսարանից էի տեղյակ, ոչ էլ, առավելեւս, համալսարանի վարժարանից։ Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ընկեր Հակոբյանին՝ ինձ ճիշտ ու հստակ ուղղորդելու եւ պրոֆ․ Ղազարյանին եւ ձեզ բոլորիդ՝ այսօր այս հիանալի կրթական միջավայրում հայտնվելու համար։ Այնպես որ, այժմ ես հստակ կերպով գիտեմ անելիքս վարժարանում եւ դրանից հետո»։