Բաց դռների օրերը շարունակվում են նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: Օրերս մասնաճյուղում ընդունել էին Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիներին: Ինչպես հաղորդում են ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնից, միջոցառման նպատակն էր օգնել ապագա դիմորդներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ծանոթացնել նրանց մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրի (քոլեջի) մասնագիտություններին, ուսումնական գործընթացին, ուսանողական կյանքին, կրթությունը հետագայում շարունակելու հնարավորություններին:
Դպրոցականներին ընդունել է մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը, որը ներկայացրել է մասնաճյուղի պատմությունը, իրականացվող կրթական ծրագրերը և հնարավորությունները:
Մասնաճյուղի աշխատակիցների ուղեկցությամբ աշակերտները դասղեկ տիկին Ազարումյանի հետ միասին շրջել են մասնաճյուղում, ծանոթացել կրթօջախի նյութատեխնիկական հնարավորություններին, եղել են կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի, ընդհանուր երկրագործության և հողագիտության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության լաբորատորիաներում, դիդակտիկ նյութերով հարուստ լսարաններում, գրադարան-ընթերցասրահում, մարզադահլիճում:
Աշակերտների համար առաջին այցելությունը ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղ տպավորիչ ու ոգևորիչ էր, մասնաճյուղ, որտեղ մոտ ապագայում կսկսի գործել գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնը՝ էապես բարձրացնելով մասնաճյուղի դերը տարածաշրջանի, մարզի եւ երկրի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում: Շուրջ 70 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ այս նախագիծը կիրականացվի Ճապոնիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:
Մասնաճյուղում բաց դռների օրեր կլինեն յուրաքանչյուր շաբաթ և առաջիկայում մասնաճյուղում կհյուրնկալվեն աշակերտներ տարածաշրջանի տարբեր դպրոցներից