Երբ ընդունելության առաջին փորձը տապալեց, Տնտեսագիտական համալսարանում սովորող ավագ քույրը խորհուրդ տվեց. «Ինչ պարտադիր է, որ «ժող» ընդունվես, հաջողությամբ կարող ես տնտեսագետ դառնալ նաեւ Ագրարային համալսարանում»: Լիլիթը հավանեց հորդորն ու հաջորդ տարի հաջողությամբ, ինչպես ասում են՝ առաջին հայտով, ընդունվեց ՀԱԱՀ, սննդի էկոնոմիկա մասնագիտացմամբ: Սովորեց պատվով: Նաեւ բանաստեղծություններ էր գրում, հրաշալի ասմունքում էր, ապրում էր մշակութային լայն հետաքրքրություններով: Ընկերները սիրում ու գնահատում էին նրա մեղմ, հանդարտ, միշտ լավատես բնույթը:
Անգլերենին փայլուն տիրապետելու շնորհիվ նա հնարավորություն ունեցավ Էրազմուս-Մունդուս փոխանակման ծրագրի շնորհիվ մեկ տարի ուսումնառությունը շարունակել Սալոնիկի համալսարանում:
Ագրարայինն ավարտելուց հետո Լիլիթ Արշակյանը որոշեց, որ պետք է էլ ավելի հղկի-կատարելագործի անգլերենի իմացությունն ու սովորեց Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հիմա TOEFL է դասավանդում նույն բուհում:
Լիլիթը հրաշալի գիտե մեր կրթության լավագույն կողմերը, բայց արեւմտյան ոճին քաջածանոթ լինելու շնորհիվ հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում: Ասում է. «Մենք սովորողներին ինչպես հարկն է չենք վարժեցնում ինքնուրույնության: Մինչդեռ պետք է խնդիրներ դնել եւ հանձնարարել, որ ինքնուրույն գտնեն ելքը-լուծումները: Հենց այս ճանապարհով է ապագա մասնագետը մրցունակ դառնում աշխատաշուկայում, շրջանցելով սկսնակի բարդույթը, անսպասելի իրավիճակներով թելադրված խուճապը»:
Լիլիթն այսօր ամեն ինչ անում է, որ երրորդդասարանցի որդին՝ անչափ հետաքրքիր-հետաքրքրասեր Միքայելը մեծանա ինքնուրույն եւ պատասխանատու: Մանչուկն արդեն հմայվել է պոեզիայով, Տերյան է կարդում ու կարծում է, թե կամաց-կամաց հասկանում է. «Պիտի շարունակեմ կարդալ»,- լուրջ դեմքով ասում է Լիլիթին: Միքայելը սիրում է մեծերի համար նախատեսված խաչբառեր լուծել ու երբեմն դժգոհ է մնում մայրիկի հանրագիտարանային բնույթի գիտելիքների մակարդակից…