ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ գործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի մասնագետների ուժերով իրականացվել է վերջին տասնամյակում ՀՀ-ում պարենի հեռանկարային արժեշղթաների վերաբերյալ իրականացված հետազոտությունների ուսումնասիրություն և համադրություն, որի արդյունքների ներկայացմամբ օրերս հանդես եկավ ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Արդյունքները ներկայացվեցին Microsoft Teams Meeting առցանց հարթակում՝ ՊՀԿ, ՀԱԱՀ հետազոտող թիմի և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մեր հետազոտող դասախոսները` հիմնականում ՀԱԱՀ Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի թիմը՝ կենտրոնի տնօրեն Աշոտ Ոսկանյանի գլխավորությամբ, համակողմանիորեն ուսումնասիրել են Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական հիմնական արտադրանքները՝ հացահատիկը, հատիկաընդեղենը, բանջարեղենը, մրգերը եւ հատապտուղները, միսը, կաթը, ձուն, մեղվաբուծական մթերքները եւ ձկնամթերքը ներառող հարակայուն արժեշղթաների վերաբերյալ հրատարակված նյութերն ու դրանք համադրելով կատարել ամփոփ եզրահանգումներ: Հետազոտության թիրախներից մեկն էլ սննդամթերքի կորստին ու վատնմանն առնչվող խնդիրների վերհանումն էր:
Ագրոպարենային համակարգը, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը, իր բոլոր խնդիրներով հանդերձ (ներառյալ գյուղատնտեսական հողատեսքերի մոտ կեսի «հարկադիր պարապուրդը», տնտեսությունների փոքր չափերը, գյուղատնտեսական ենթակառույցների թերզարգացությունը, պարենային ապահովության տեսակետից մեր սպառող հասարակության «անզուսպ» վարքագիծը եւ այլն), այսուհանդերձ, զարգացման հսկայական ներուժ ունի։ Այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ինտենսիվ այգիները, ջերմատնային տնտեսությունը, խաղողագործությունն ու գինեգործությունը, կարտոֆիլաբուծությունը, ունեն մասնավորապես արտահանման մեծ ներուժ։ Ի դեպ, պատահական չէ, որ հենց նշված ոլորտներում այսօր արդեն ունենք առաջընթաց, ընդ որում, ինչպես բացահայտել է ՀԱԱՀ հետազոտողների թիմը, հայկական թարմ ու վերամշակված գյուղմթերքի արտահանման այսօրվա ցուցանիշը՝ ավելի քան 100 հազար տոննա, առաջիկա մի քանի տարում կարելի է կրկնապատկել հենց արժեշղթաների բարելավման հաշվին։
Շարունակելով սննդամթերքի արժեշղթաների առանձնահատկությունների վերլուծությունը, պրոռեկտոր Զաքոյանն անդրադարձավ վերամշակման արդյունաբերության տարբեր ճյուղերի՝ արտադրական կարողությունների լիարժեք օգտագործման, սննդամթերքի կորուստների եւ թափոնների կրճատման, սննդամթերքի հիմնական տեսակների ինքնաբավության աստիճանի բարձրացման, արժեշղթաների տարբեր օղակների փոխհարաբերությունների բարելավման, արտահանման փոխարինման հնարավորություններին ու լուծումներին, հարակից այլ հարցերի։
Որպես եզրակացություն, Զաքոյանը նշեց, որ անհրաժեշտ է ՀՀ պարենային արժեշթաների վերաբերյալ կատարել նոր հաշվարկներ՝ թարմացված ելակետային տվյալներով։ Նա նշեց նաեւ երկրի պարենային ապահովության տեսակետից հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի արժեշղթաների զարգացման առաջնահերթությունը, բարձրորակ սերմացուի տեղական արտադրության ծավալման, գյուղմթերքներ արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունների զարգացման եւ որակի վերահսկողության գործուն համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
Ուսումնասիրությունից բխող առաջարկություն-հանձնարարականները ներառում են գյուղմթերքի գնումներ կատարելիս կոոպերատիվ կառույցների արտադրանքին նախապատվությունը տալը, գների կարգավորման նպատակով փորձագետների համապատասխան խմբերի կազմումը, կաթի արտադրության ընդլայնման առկա ներուժին աջակցությունը, գյուղատնտեսության աջակցության եւ գյուղոլորտում ներդրումներ կատարելու համար դոնոր հանրության ներգրավումը, թիրախային խմբերի համար մասնագիտական վերապատրաստման եւ խորհրդատվության հնարավորությունների ստեղծումը եւ այլն։
ՀԱԱՀ մասնագետների ուսումնասիրությունը մեծապես օգտակար կարող է լինել ոլորտի զարգացմամբ շահագրգիռ պետական, մասնավոր եւ միջազգային կառույցների համար՝ դրվելով զարգացման (ցանկալի է՝ միասնական) քաղաքականության հիմքում։
ՊՀԾ-ի եւ ՀԱԱՀ-ի գործակցության շրջանակում իրականացվել է 3 համալիր հետազոտություն, եւս 2-ը մեր հետազոտողները կիրականացնեն առաջիկայում՝ զուգահեռաբար կազմելով բիզնես զարգացման հայեցակարգեր։ Բացի այդ, ծրագրում ընդգրկված դպրոցներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին եւ ֆերմերային այլ թիրախային խմբերին համալսարանն աջակցելու է տարբեր թեմաներով ագրոխորհրդատվությամբ՝ մշակաբույսերի մշակումից մինչեւ հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարը եւ հետբերքահավաքային տեխնոլոգիաների կիրառումը։