ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամի(FAST), ICARE հիմնադրամի եւ, Նեյշն ին էքշն հարթակի համատեղ ImpactAIM-ANAU AgriTech Accelerator ծրագիրը հասել է ստարտափ խմբերի եւ գաղափարների ձեւավորման ու մշակման՝ ներկա փուլի համար նախանշված ուղենիշին: Այս հանգրվանին նախորդել է ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի հիմնադրումը 2019թ.-ին եւ վերապատրաստման 10-շաբաթյա նախապատրաստական փուլը, որի ընթացքում 44 մշտական մասնակիցները ստացել են ձեռնարկչական բազում գիտելիքներ ու հմտություններ: Մասնակիցների թվում էին բավականին մեծ թվով ՀԱԱՀ ուսանողներ եւ երիտասարդ դասախոսներ:
ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի եւ Ասիական զարգացման բանկի վենչուրային կենտրոնի աջակցությամբ իրականացվող ImpactAIM-ANAU AgriTech Accelerator ծրագիրը ՀԱԱՀ Ագրոտեխինկուբատորի ստեղծումից հետո հաջորդ փուլն էր:
Ծրագրի շրջանակում ձեւավորվել են 34 ձեռներեցներից կազմված 13 ստարտափ թիմեր: ՀԱԱՀ ագրոտեխինկուբատորի համահիմնադիր Հովհաննես Երիցյանի նախաձեռնությամբ անցկացվել են 15 հանդիպում-վերապատրաստումներ, որոնց մասնակցած 13 հռետորները Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս հայտնի մասնագետներ, կայացած գործարարներ եւ ոլորտի առաջատարներ են: Թիմերի հետ առանձին հանդիպում-քննարկումների թիվն անցնում է 100-ից:
Աքսելերատորի թիմն այժմ նախապատրաստում է հաջորդ հանգրվանը՝ ծրագրերի ցուցադրման օրը, որը տեղի կունենա շուտով: Դա այն կարեւոր օրն է, երբ ստարտափ գաղափարներն ու դրանց հեղինակները հանդիպում են պոտենցիալ ներդրողների հետ:
Հիշեցնենք, որ ագրոտեխնոլոգիական ստարտափների առաջին մրցույթը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին, ՀԱԱՀ-ում: Գյուղատնտեսության հիմնախնդիրների ուղղությամբ ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափ թիմերից 4-ն արժանացել են դրամական մրցանակների: Սպասվում է, որ երկրորդ մրցույթը կլինի ավելի մասշտաբային եւ տեղի կունենա արդեն ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում, որի շինվերակառուցողական աշխատանքներն ավարտված են: