Մեր բուհը միջազգային համագործակցության ամենաընդգրկուն աշխարհագրություն ունեցողներից է, այս առումով՝ ակնհայտ առաջատար: Այսօր, առողջապահական համաշխարհային այս տագնապի շրջանում, ուսանողների փոխանակման ծրագրով դրսում ունենք երիտասարդներ, որոնց որպիսությունը, անվտանգությունը ՀԱԱՀ ղեկավարության եւ անձամբ ռեկտորի ամենօրյա աչալուրջ հսկողության ներքո է:
Ինչ են անում, թագավարակի պայմաններում ինչպես են ապրում մեր սաները: Այս հարցերի պատասխանները ստանալու համար առաջինը կապվեցինք Նորվեգիայում գտնվող մեր ուսանողներից Ամալյա Իսկանդարյանի հետ: Նա եւ Մանյա Անտոնյանը Թրոմսոյի համալսարանում են, Անուշ Փանոսյանը թեկնածուական թեզն է պատրաստում Ստավանգերի համալսարանում:
Ամալյան իրեն բնորոշ՝ ջերմ, ժպտերես, լավատեսական տրամադրություն ունի: Ասում է` եւ իրենք, եւ հյուրընկալող երկրի բնակիչները միանգամայն հանգիստ են, խուճապի ոչ մի հետք ու նշան չկա: Սննդամթերքով ապահովված են, առողջապահական տեսակետից՝ պաշտպանված: Հեռավար ուսուցման նոր պայմանները նրանց հնարավորություն են տվել մասնակցելու թե ՀԱԱՀ-ի եւ թե նորվեգական համալսարանի դասերին:
Նորվեգիայում գտնվող մեր ուսանողների հետ արագ կապի հաստատման հարցում օգնեցին ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարիկ Համբարձումյանը եւ կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ Զառա Հարությունյանը։
Փոխանակման ծրագրով Հունաստանում ինքնամեկուսացման պայմաններում գտնվող Նունե Զուռնաչյանը նույնպես լավատես է։ Նա ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանող է: Հունվար ամսից Էրազմուս ծրագրի շրջանակում կես տարով ուսումնառության է մեկնել Պիրեուսի համալսարան: Հինգ առարկա է ուսումնասիրում: Առցանց դասեր նախատեսված չեն: Նրան հանձնարարվել են թեմաներ, գրականություն, որոնք ուսումնասիրելուց հետո շնորհանդեսով կներկայացնի իր հետազոտական աշխատանքի արդյունքները:
Հունաստանում, ինչպես եւ մեր երկրում, արեւոտ, պայծառ եղանակ է ու Նունեն չափազանց լավատես է՝ բարձր տրամադրությամբ: Համոզված է, որ Աշխարհը միահամուռ ջանքերով կկարողանա թոթափել այս մարտահրավերը եւ շատ շուտով կյանքը կվերադառնա իր բնականոն ընթացքին: Եւ օտար ափերում սովորելու մեկնած մեր երիտասարդները պատվով կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները ու բաց ճակատով կվերադառնան: