ՀԱԱՀ-ում մեկնարկել է «Ագրոխորհրդատվություն» խորագրով առցանց վեբինարների շարքը։ Առաջին վեբինարը գյուղատնտեսության ամենաարդիական թեմաներից մեկի՝ բույսերի պաշտպանության միջոցների ու դրանց կիրառման առանձնահատկությունների թեմայով, անցկացրել է Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը: Խիստ գիտական ուղղվածության ոլորտ, որն այսօր ամենապահանջարկվածներից է, հիմնված է գիտության նորարարության վրա, բայց գյուղացու պահպանողական մոտեցման ու այս ոլորտում համաշխարհային «անցուդարձից» անտեղյակության պատճառով անմասն ենք մնացել նորի, զարգացած երկրների եւ հենց մեր ունեցած առաջադեմ, հաջողված փորձի կիրառումից:
Վեբինարի ընթացքում պրն Տեր-Գրիգորյանը նշել է, որ գյուղատնտեսական արտադրությունը եղել է, կա եւ անկախ ներկա համաճարակային վիճակից, շարունակում է մնալ մեր երկրի պարենային ապահովության եւ սննդի անվտանգության հիմնական գրավականը:
Խոսելով բույսերի պաշտպանության միջոցների մասին, գիտնականը նշել է, որ ախտասպան միջոցները բավականին մեծ խումբ են ներկայացնում՝ տարբեր ծագումնաբանության, քիմիական կազմի, բաղադրության, ազդեցության, քայքայման ժամկետների, կիրառման եղանակների եւ այլ բնորոշիչներով բաղադրիչներով: Նրա բնորոշմամբ, դրանց ճիշտ կիրառությունը կամ կիրառման առանձնահատկությունները բույսերի պաշտպանության այբուբենն են, որը յուրաքանչյուր ֆերմեր, հողօգտագործող պետք է իմանա: Իհարկե, «կա մասնագիտական գրականություն, կա լավ մասնագետների խումբ, բայց գրական աղբյուրները եւ խորհրդատվությունը ոչ միշտ են հասանելի մեր հանրությանը»:
ՀԱԱՀ գիտնականը հատկապես մանրամասնել է բույսերի պաշտպանության միջոցների ընտրության, դրանց անվտանգ տեղափոխման, կիրառման, ավելացված քանակությունների եւ տարափաթեթավորումների հետագա կառավարման հարցերը: Նա խիստ կարեւորել է մեր հողօգտագործողների տեղեկացվածությունն ու նվազագույն գիտելիքների առկայությունը՝ բույսերի պաշտպանության համապատասխան միջոցներ ձեռք բերելուց եւ կիրառելուց առաջ, ինչպես նաեւ թիրախի ընտրության եւ դրա վրա ունենալիք ներգործության առումով:
Վեբինարի ընթացքում պարոն Տեր-Գրիգորյանը սպառիչ պատասխաններ տվեց հետեւողների տարաբնույթ հարցերին, գործնական խորհուրդներ տվեց, որոնք շնորհակալությամբ ընդունվեցին ունկնդիրների կողմից։
Ճգնաժամի պայմաններում առցանց հարթակում իրականացվող հաջողված այս ձեռնարկն ուղղված էր նպատակային լսարանին՝ ֆերմերներին, մասնագետներին, ուսանողներին։ Եթե բաց եք թողել վեբինարը, ապա Արմենակ Տեր-Գրիգորյանի օգտակար խորհուրդներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ։