Աշխարհը փորձում է դուրս գալ կես տարի տեւած թմբիրից, եւ, պատահական չէ, ավելին՝ խորհրդանշական է, որ խթանը, սթափեցնող գործոնը կրթությունն է…
Ագրարայինի 90-րդ սեպտեմբերը արմատապես տարբերվում էր բոլոր նախորդներից: Համավարակից նախազգուշական միջոցառումների շրջանակում, գլխավոր մասնաշենքի առջեւ կուտակումներից խուսափելու նպատակով դեկանատների աշխատակիցները առանձին-առանձին դիմավորում եւ լսարան էին ուղեկցում նորեկներին: Հենց այդպես էլ՝ ըստ ֆակուլտետների, առանձին-առանձին, առաջինկուրսեցիներին հանդիպեցին եւ ողջունեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, ուսխորհրդի նախագահ Կարեն Ղարախանյանը:
Ռեկտորը նկատեց, որ կարեւոր որոշում են կատարել երիտասարդները, վճռականորեն, ինքնուրույն հաղթահարել են մի խնդիր, քանզի նրանք գիտեն, թե ուր եւ ինչու են եկել: Այս էական հանգամանքը որակական նոր մակարդակ է բերելու: Իսկ համալսարանը ի զորու է ուսանողակենտրոն միջավայր եւ բարձրակարգ կրթություն ապահովել:
ՀԱԱՀ-ը միջազգային ծրագրերի ամենաընդգրկուն աշխարհագրությունն ունի: Մնում է միայն լավ սովորել ու լավ իմանալ անգլերեն: Մասնագիտության հետ լեզուների փայլուն իմացությունը մի քանի աստիճանով կբարձրացնի մրցունակությունը աշխատաշուկայում: Պարոն ՈՒռուտյանն իր խոսքը կառուցում էր յուրահատուկ կերպով՝ ամեն մասնագիտության առանձնահատուկ գրավչությունը շեշտելով:
Ուսխորհրդի նախագահ Կարեն Ղարախանյանը տեղեկացրեց, որ 1993-ին ստեղծված այս կառույցի նպատակն է ուսանողների շահերի եւ իրավունքների պաշտպանությունը: Հայտնի պնդում է, թե մարդու կյանքի ամենահետաքրքիր տարիները ուսանողության շրջանն է, եւ ուսխորհրդի մշակութային, մարզական նախաձեռնությունները այն դարձնում են հագեցած, հարուստ:
Վերջում ֆակուլտետների դեկանները հանգամանորեն ներկայացրեցին ոլորտները, հեռանկարները: Առաջինկուրսեցիներին բաժանվեցին փաթեթներ՝ ուսանողների իրավունքներն ու պարտականությունները սահմանող կանոնադրություն, ՀԱԱՀ բրենդային նոթատետրեր, գրիչներ:
Մեկնարկեց անսովոր սեպտեմբերը եւ մաղթենք անխափան, համաչափ, առանց խզումների ընթացք: Իսկ նոր համալրման մասին… համոզված ենք, որ կգործի «լավ է քիչ, բայց լավ» օրենքը: