Հայ ավանդական ընտանիքում տան դուռը երբեք չեն կողպել: Այն միշտ բաց է եղել բոլորի առջեւ՝ լիառատ-հյուրընկալ-սիրով լեցուն: Մեր բուհը այս գեղեցիկ ավանդույթի կրողն է: Մեր դռները միշտ բաց են ապագա ուսանողների, վարպետության կարճա-երկարա-ժամկետ դասընթացների մասնակցել ցանկացողների (առանց տարիքային սահմանափակման) առջեւ:
Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի աջակցությամբ, արդեն շաբաթներ շարունակ, հյուրընկալում ենք քոլեջների, հանրակրթական հաստատությունների սաներին, որպեսզի տեղում տեսնեն-լսեն ու համոզվեն, որ ստեղծագործ աշխատանքի մեծ հեռանկարի-թռիչքի հնարավորություն է տալիս բուհը՝ միջազգային համագործակցության ամենամեծ աշխարհագրությամբ:
Այսօր, փետրվարի 28-ին, հյուրընկալել էինք Երեւանի պետական տեխնոլոգիական եւ Տարածաշրջանային պետական քոլեջների սաներին՝ իրենց ուսուցիչների առաջնորդությամբ: Ինչպես միշտ, Ագրիթեք սրահում մանրամասն պատմեցին Ագրարայինի մասին, իսկ հետո չորս ուղղություն առաջարկվեց, որոնք կարող էին ընտրել ըստ նախասիրության՝ ագրոդրոններ, ջերմատան ֆարմբոտ, գինու պատմություն եւ շոկոլադագործություն: Ընդսմին, եթե երիտասարդները հետաքրքրված լինեն, կարող են նորից գալ ու մասնակցել այլ դասընթացների եւս:
Մի կարեւոր տեղեկատվություն եւս. մարտից մեր բուհի համար հիմնարար՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա առարկաներից անվճար պարապմունքներ կիրականացնեն համապատասխան ամբիոնների դասախոսները՝ առկա կամ առցանց ձեւաչափերով: Դատելով պատանիների աչքերի փայլից՝ արդեն նշմարվում էին մեր ապագա ուսանողները: Բարով գան…