Վարդան Մելքոնյան
Տնօրենի պաշտոնակատար
Հետադարձ կապ
-
-
- ՀՀ, Կոտայքի մարզ, 2213, գյուղ Բալահովիտ
- (+374222) 6-03-24; 099 99 06 03
- [email protected]
-
Կոտայքի մարզի հյուսիսարևելյան մասում տեղակայված «Բալահովիտ» ոսումնափորձնական տնտեսության հիմնական նպատակն ուսանողների համար որպես գիտական, ուսումնական և գործնական-արտադրական բազա ծառայելն է:
«Բալահովիտ» ՈՒՓՏ-ն Ելիջա հանդամասում ներկայումս ունի 1075.8 հա հողատարածք, որի 102 հա տարածքի վրա 2021թ կատարվել են խոտհնձի և խոտհավաքի աշխատանքներ, կուտակվել է 180.6 տ խոտ:
2021թ հունվարի 1-ի դրությամբ «Բալահովիտ» ՈՒՓՏ-ի կաթնաանասնապահական ֆերմայի խոշոր եղջերավոր կենդանիների և մատղաշի գլխաքանակը կազմել է 144 գլուխ, 31.12.2021 թ դրությամբ՝ 38 գլուխ, գլխաքանակի նվազման պատճառը տնտեսության օպտիմալացման նպատակով խոտանված կենդանիների վաճառքն է: Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 2021թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 192 գլուխ, 31.12.2021թ դրությամբ՝ 71 գլուխ, ևս 23 գլուխը ֆրանսիական Բլանշ ցեղի կենդանիներն են:
2021թ-ին արտադրվել է 32.6 տ կաթ, իրացվել է 23.7 տ: Ստացվել է 560 կգ ոչխարի և 170 կգ գառի բուրդ: Ելիջա հանդամասից ստացվել է 6 տ կորնգանի սերմնադաշտի ծղոտ և ամբողջությամբ վաճառվել, 2.4 տ կորնգանի բունկերային հատիկ, իսկ տնտեսությանը հարակից վարելահողից ստացվել է 4.2 տ աշնանացան ցորեն և 3.8 տ ցորենի ծղոտ, որից վաճառվել է 3.5 տոննան:
2021թ-ին տնտեսությունում կառուցվել է հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրամաս: Զուգահեռաբար «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, որի նպատակն է փորձուսուցման միջոցով ՀԱԱՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողներին փոխանցել արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ: Կաթնամթերքի վարպետաց դպրոցի գլխավոր տեխնոլոգն է Արտեմ Երանոսյանը:
Բալահովիտի տնտեսությունում կաթնամթերքի վերամշակման գործող արտադրամասի և նորակառույց ոսանողական կացարանից բացի՝ շահագործման են հանձնվում նաև վերակառուցված ոչխարանոցը՝ նախատեսված Ֆրանսիայից ներկրված մսատու «Բլանշ» ցեղի ոչխարների բուծման համար: Առաջիկայում կկառուցվի արդիական «խելացի» անասնաշենքը, բարձր մթերատու եվրոպական տավարի ցեղեր բուծելու նպատակով կովկասյան գորշ ցեղը կփոխարինվի եվրոպական բարձր մթերատու ցեղատեսակներով։ Անասնաշենքի շահագործմամբ էլ կամբողջանա ժամանակակից արտադրության շրջափուլը, և ուսանողները կստանան աշխատաշուկայում պահանջված ամենաարդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:
Նախատեսվում է նաև ապագայում ունենալ համակցված կերատեսակների, կենդանիների կենսագործունեության արդյունքներից ստացվող պարարտանյութի և վառելանյութի արտադրամասեր: Որպես արդյունք «Բալահովիտ» ՈՒՓՏ-ում կունենանք անթափոն արտադրություն:
Պատմական ակնարկ․- Դեռևս 1957 թ.Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի՝ Աբովյանի շրջանի Մհուբի տնտեսության և Բալահովիտ գյուղի ձիաբուծարանի բազայի վրա ձևավորվել է ուսումնափորձնական տնտեսություն։
1959 թվականին ԵրԱԱԻ-ի կաթի տեխնոլոգիայի ամբիոնին կից գործարկվեց կաթի ուսումնափորձնական գործարանը, որը հետագայում տեղափոխվեց Բալահովիտ գյուղ: 1994 թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտների միավորվելուց հետո կաթի գործարանը միավորվեց «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության հետ:
2000 թվականին «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը միավորվեց «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության հետ, և ստեղծվեց ուսումնափորձնական տնտեսությունների միավորումը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ուսումնափորձնական երկու տնտեսությունները սկսեցին գործել որպես առանձին ստորաբաժանումներ:
«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը 2018-2021 թվականներին ղեկավարել են Արարատ Մոսինյանը, Ազատ Մկրտչյանը, Ռոբերտ Գևորգյանը։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին տնտեսության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վարդան Իլյիչի Մելքոնյանը։