Սննդամթերքը պետք է լինի բարձրորակ, անվտանգ եւ սպառողին «կանչող»

Այս հարցերն էին քննարկում Ագրարայինի սննդի տեխնոլոգները՝ մեր հին ու լավ գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանից ժամանած պրոֆեսոր Իրինա Սմետանսկայի հետ: Քննարկում էին շատ աշխույժ, հետաքրքրված հավասար տեղեկացվածությամբ մասնագետները, որոնց կարելի էր լսել շատ երկար ու անձանձրույթ: Չէ որ բոլոր հարցերը որեւէ երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն՝ հատկապես հանրային առողջության տեսանկյունից:
Պրոֆեսորը ցուցադրական նյութերի ուղեկցությամբ պատմում էր նորագույն սարքավորումների մասին, որոնք շատ լավ հայտնի են նաեւ մեր մասնագետներին: Ընդ սմին, տիկին Սմետանսկան իր հիացմունքը հայտնեց ՀԱԱՀ գարեջրի ուսումնական արտադրության տեխնիկական՝ գերժամանակակից, զինվածության մասին:
Մակարոնեղեն՝ լոլիկից, կոտլետներ՝ ոլոռից, չիփսեր (նրբաշերտիկներ) մանանեխից, գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հասունանալ չհասցրած միրգ- բանջարեղենի հասունացում, կաթնա-մսամթերքի բուսական փոխարինիչների (աշխարհում հարաճուն է բուսակերների թիվը) ստեղծում, մի խոսքով, մարդու երեւակայությունը` սերտաճած ագրարային գիտության հետ, նոր «պտուղներ» է տալիս:
Մասնագետներն էլ հետաքրքրված, սրտացավորեն դիտարկում-քննում էին նորաստեղծ մթերքների օգտակարության-անվտանգության աստիճանը:
-Համեցեք, դուք էլ եկեք մեր համալսարան, տեղում տեսնելու,-պրոֆեսոր Սմետանսկան սրտաբաց անմիջականությամբ դիմում է հայ գործընկերներին, իսկ նրանցից շատերն արդեն եղել են Վայհենշտեֆան-Թրիսդորֆի՝ բացառապես ագրոարդյունաբերական ուղղվածությամբ Գերմանիայի միակ համալսարանում: