Սիսիանի մասնաճյուղ. Լավ գործի գլուխ նվիրյալներ պետք է լինեն

Սիսիանի մասնաճյուղում մեծ ու կարեւոր նախագծեր են կյանքի կոչվում, որոնք արմատապես կփոխեն ե՛ւ կրթական հաստատության հնարավորություններն ու գրավչությունը, ե՛ւ էական ազդեցություն կունենան մարզի ընկերային նկարագրի վրա: Մարզ, որ մեր երկրի ռազմավարական նշանակության գլխավոր ջիղերից է, առանցքներից:

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար գ.գ.թ. Գագիկ Խաչատրյանը 1981-ին է ավարտել մեր բուհի «հիդրոֆակը», սիրով ու երախտագիտությամբ է հիշում ուսումնառության տարիները, Գեորգի Մելիքյանին, Սարգիս Ղազարյանին, բոլորին-բոլորին: Նա ոգեւորությամբ ու մի քիչ էլ անթաքույց հպարտությամբ պատմում է.

-Ունենք 286 ուսանող: Այս տարվա համալրումը՝ 60 երիտասարդ դարձել է քոլեջի ուսանող, 18 հոգի բակալավրիատի՝ հեռակա ուսուցման համակարգով: Այս ուսումնական տարվանից հատուկ ու հետեւողական ուշադրություն ենք դարձնում հաճախումներին, կարգապահական խնդիրներին: Արդեն 17 հոգի հեռացվել է ակադեմիական պարտքերի, կարգուկանոնին չենթարկվելու պատճառով: Քննությունները հանձնում են միայն հանձնաժողովի ներկայությամբ եւ աշխատում ենք, որ գնահատականները լինեն օբյեկտիվ՝ գիտելիքին համապատասխան:

Հետո պարոն Խաչատրյանը ոգեւորությամբ ներկայացնում է, որ արդեն գործարկվել են համակարգչային երկու լսարան, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի խիստ ժամանակակից լաբորատորիան: Կահավորված-պատրաստ է գիտելիքի նորարարական հաբը: Շուտով շահագործման կհանձնեն հողի անալիզի լաբորատորիան: Քայլ առ քայլ կերպար է առնում խելացի գյուղատնտեսության գիտաուսումնափորձարարական կենտրոնը: Մասնավորապես, այդ նպատակով համալրում են մեքենատրակտորային զինանոցը:

-Դեկտեմբերին շահագործման կհանձնվի խելացի գոմը՝ կաթի եւ գոմաղբի վերամշակման հնարավորություններով: Կունենանք ջերմատուն, կանաչ կերի եւ հատիկի արտադրամաս: Տեղադրելու ենք արեւի եւ քամու էլկայաններ:

Կարծում եք այս ամենը երկարաժամկետ ծրագրե՞ր են: Ոչ, պարոն Խաչատրյանը պատմեց միայն այն նորությունների մասին, որոնք թանձրացական կլինեն մինչեւ օրացուցային տարվա ավարտը: Եւս մի կարեւոր հանգամանք. կրթական հաստատության նկուղը կահավորվել է որպես ապաստարան: Մասնաճյուղի սաների եւ աշխատակիցների կյանքի անվտանգությունը հոգածության ծիրում է լինելու միշտ: