Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ուսանողների հետ հանդիպման էր հրավիրել ոլորտի ականավոր, վաստակաշատ մասնագետների՝ գ.գ.դ. Սերգեյ Երիցյանին, կ.գ.դ. Մասիս Սարգսյանին, գ.գ.դ. Ալբերտ Մարկոսյանին: Ինչպես նշեց դեկանը, եթե չգիտես անցյալդ, չես ապրի ներկայով ու ապագան էլ շատ անորոշ կլինի:
Ավագ սերնդի գիտնականները սիրով դրվագներ պատմեցին իրենց ուսանողական տարիների, որպես մասնագետ կայանալու դժվարին, բայց պատվաբեր ուղու մասին: Կարծում ենք, անգամ երիտասարդական անչար «չարաճճիությունները» մտապահվող, լավ դաս էին նոր սերնդի համար:
Պատմություններից թերեւս ամենահիշվողն այն էր, որ խորհրդային տարիներին բուհ ընդունվելու ամենամեծ մրցակցությունը հենց Ագրարայինում էր լինում: Եւ Մասիս Սարգսյանի խոստովանությամբ՝ դիմել է ԵՊՀ կեսաբանության ֆակուլտետ, քանի որ անհամեմատ փոքր «կոնկուրսն» ավելի հեշտ էր հաղթահարելը…
Ավագ սերնդի հորդորներն ու շեշտադրումները հստակ էին.
# Ձեր աշխատանքը անթերի կատարեք:
# Ձգտեք պիտանի, օգտակար գործ անել հայրենիքի համար:
# Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է շատ ջանալ, լեզուներ սովորել:
# Դասախոսները ձեզ կարող են գիտելիք փոխանցել, բայց դուք պետք է այն իրացնեք: Գիտելիքը, եթե չի կիրառվում՝ անպիտան է…
Հարգարժան հյուրերին հետաքրքիր եւ ուսուցողական զրույցի համար շնորհակալություն հայտնեց գ.գ.թ., դոցենտ Սամվել Թամոյանը: Իսկ Արմենակ Տեր-Գրիգորյանը խոստացավ, որ այս կարգի հանդիպումները պարբերական կլինեն: