Դեկտեմբերի 25-ին ռեկտորատի տարեվերջյան նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ նիստը նախագահող Վարդան Ուռուտյանը ռեկտորատի անդամներին տեղեկացրեց, որ պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդը լուծել է ռեկտորի աշխատանքային պայմանագիրը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին ընտրել ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց պարոն Զաքոյանին եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց՝ պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի սատար կանգնել եւ աջակցել նրան համալսարանի շարունակական առաջընթացի հարցում։
Ռեկտորատի նախորդ նիստերի որոշումների կատարողականի վերաբերյալ զեկուցեց գիտական քարտուղար Գայանե Ավագյանը, ըստ որի ընդունվեց համապատասխան որոշում։
Հեռակա ուսուցման համակարգի, Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերի ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների կատարման ընթացքի եւ խնդիրների մասին զեկուցումներով հանդես եկան դեկանները եւ մասնաճյուղերի տնօրենները։
Ընդհանուր առմամբ պատկերը բարվոք է։ Պարոն Ուռուտյանը եւս մեկ անգամ բարձրացրեց դիպլոմային աշխատանքների որակի խնդիրը, նշելով, որ անկախ ուսուցման առկա կամ հեռակա ձեւից՝ աշխատանքների մակարդակը պիտի բարձր լինի՝ բացառելով գրագողությունը։ Վերջին խնդրի մասին խոսեցին նաեւ պրոռեկտորներ Մարիամ Մովսիսյանը եւ Հրաչյա Զաքոյանը՝ շեշտադրելով դիպլոմայինների ղեկավարների դերը՝ հղումներ տալու, ծավալին ապավինելու փոխարեն ինքնուրույն մտածելակերպի զարգացման մշակույթը ուսանողների շրջանում սերմանելու, արժեհամակարգը փոխելու անհրաժեշտությունը։ Գրագողության դեմ պայքարելու, ճիշտ հղումներ տալու առումով պարոն Ուռուտյանը նշեց, որ անհրաժեշտ է անցկացնել այդ թեմայով խորհրդակցություններ, սեմինարներ եւ տեսահոլովակ պատրաստել։
ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան քոլեջում եւ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի մասին զեկուցումներով հանդես եկան տնօրենները՝ Վարդան Վարդանյանը եւ Արաքս Հակոբյանը։
Քոլեջը հաջողությամբ շարունակել է դուալ ծրագրի իրականացումը (8 մասնագիտություններով դուալ ուսուցմամբ սովորում է 159 ուսանող)։ Ակնհայտ առաջընթաց կա նաեւ կարգապահության հարցում։ Ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ քոլեջում մեր հիմնական խնդիրը դուալ ծրագրի կայացումն է, որը որակապես նոր հարթություն է տեղափոխել միջին մասնագիտական կրթությունը։ Այս առումով հորդորեց սերտորեն աշխատել դեկանների հետ, մասնավորապես՝ ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդների լուրջ ներուժի օգտագործման նպատակադրմամբ։ Կարգապահության հարցում առաջընթացը դեռեւս չի վերացրել խնդիրը․ այս առումով, մանկավարժական-դաստիարակչական աշխատանքներին զուգահեռ պետք է զարգացնել նաեւ միջգերատեսչական համագործակցությունը։
Վարժարանն արագ է արձագանքել հանրակրթության պետական չափորոշիչներում տեղի ունեցած փոփոխություններին։ Հաջողությամբ շարունակվել են ուսուցիչների եւ աշխատակազմի վերապատրաստումները, կամավոր եւ պարտադիր ատեստավորումները։ 800 նոր գրքերով հարստացել է վարժարանի գրադարանը։ Աշակերտներն ինտենսիվորեն օգտագործում են վարժարանի լաբորատորիաները։ Գիտահետազոտական 3 ծրագրի են մասնակցում: Դրանցից մեկի արդյունքը՝ կենդանական ճարպից ստացած բնական օճառները, շուկայական հավակնություններ ունեն։
ՀԱԱՀ ռազմավարական գործողությունների պլանի եւ հաստատութենական հավատարմագրման համատեքստում հաստատված «Փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի» կատարողականի ընթացիկ հաշվետվությամբ հանդես եկավ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը։ Ինչպես միշտ, տիկին Զաքարյանը ներկայացրեց ՈԳԱ կենտրոնի մանրակրկիտ, մասնագիտական բարձր մակարդակով արված ուսումնասիրությունների հիման վրա ձեւավորված առարկայական պատկերը։ Նշելով առաջընթացը, կենտրոնի տնօրենը գործընկերներին հորդորեց վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները չկորցնել եւ դրանք նոր մշակույթի հիմք դարձնել։ Գոհունակությամբ նշեց ՄԿԾ-ների մշակման գործում դեկանների, ամբիոնների վարիչների աննախադեպ ներգրավվածությունը, բոլոր ֆակուլտետներում որակի պատասխանատուների առկայության փաստը։
«Համալսարանում վերջին տարիներին տեղի ունեցած արմատական փոփոխությունները, այսօր առկա հնարավորությունները ձեւավորում են նոր աշխարհայացք եւ տեսլական, որ միանգամայն այլ մակարդակ է՝ համեմատած նախկինի հետ»,- ասաց տիկին Զաքարյանը։
ՈԳԱ կենտրոնի տնօրենի հավաստմամբ, ուսանողները դեռեւս լավ չեն պատկերացնում աշխատաշուկան, ուստի համապատասխան ուսումնասիրության անհրաժեշտություն կա։
Դասախոսների շրջանում նախկինում որոշակի իմաստով «պատժամիջոց» դիտարկվող դասալսումներն այսօր ՈԳԱ կենտրոնի համար բոլորովին այլ գործելակերպ ու գործառույթ է դարձել․ դասախոսներն իրենք են հրավիրում դասալսման։
Տիկին Զաքարյանը խոսքն ավարտեց ռեկտոր Ուռուտյանին շնորհակալություն հայտնելով՝ պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար եւ շնորհավորեց գործընկերներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ։
Պարոն Ուռուտյանը նույնպես շնորհավորեց ռեկտորատի անդամներին գալիք տոների առթիվ․ մաղթեց խաաղություն եւ ստեղծարար աշխատանք, նշեց որ իր համար պատիվ է եղել ռեկտորատի անդամների հետ աշխատելը եւ հավաստիացրեց, որ «հեռու չի լինելու» եւ մշտապես պատրաստ է աջակցել համալսարանի հետագա զարգացման գործում։