Քննարկվեցին ագրոանտառաբուծական համակարգերի նախագծման ժամանակակից մոտեցումները

Ագրիթեք սրահում երեկ՝ մարտի 6-ին, տեղի ունեցավ «Շեն» բարեգործական ՀԿ-ի, ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող ագրոանտառաբուծության վերաբերյալ սեմինարաշարի հերթական սեմինարը՝ առկա-հեռավար հիբրիդային ձեւաչափով:

ՀԱԱՀ-ում ծրագրի համակարգող, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց սեմինարի թեման՝ «Ագրոանտառաբուծական համակարգերի պլանավորման մոտեցումները»՝ նշելով, որ  այն «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական եւ բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի շրջանակում կազմակերպված վեցերորդ սեմինարն է:

Տեսակապով ներկաներին ողջունեց նաեւ «Շեն» բարեգործական ՀԿ-ի նախագահ Հայկ Մինասյանը՝ ուրախությամբ հայտնելով, որ ծրագրային գործողություններն արդեն տեսականից անցում են կատարում գործնականի. Լոռու մարզի Շենավան համայնքում օրերս կմեկնարկի ՀՀ-ում առաջին ագրոանտառի հիմնումը, ուստի այսօրվա սեմինարին տեսակապով միացել էին նաեւ Շենավանի մի խումբ բնակիչներ, որոնք ներգրավվելու են ծրագրում եւ մասնակցելու անտառտնկման աշխատանքներին:

Սեմինարի խոսնակը Գերմանական ագրոանտառաբուծական ընկերակցության կրթության եւ վերապատրաստման բաժնի ղեկավար Նիկոլաս Հաաքն է, որը նաեւ ապագայի հարակայուն հողօգտագործմանը միտված «ԹՐԻՎԲԵՔ» խորհրդատվական ՍՊԸ-ի համահիմնադիրն է: Հաաքը ներկայացրեց ագրոանտառաբուծական համակարգերի նախագծման արդիականությունն ու դրանց հաջող իրակագործման վերաբերյալ կարեւոր մանրամասներ՝ սկսած տեղանքի դիտարկումից, կլիմայական առանձնահատկություններից, ծառատեսակների ընտրությունից, դրանք ճիշտ տնկելու եւ խնամելու առանձնահատկություններից մինչեւ ծառերի առողջության եւ հետագա երկար կյանքի համար էական նշանակություն ունեցող առաջին 3 տարվա ճիշտ խնամքը:

Քննարկվեցին  ագրոանտառաբուծական համակարգերի ստեղծման եւ կառավարման տարբեր ասպեկտներ․ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց ջրային հաշվեկշռի, հողի պահպանության եւ էրոզիայի կանխման թեմաներին, քանի որ դրանք ագրոանտառային  զանգվածների ստեղծման հիմնական նպատակներից են: Ուստի, ինչպես նշեց բանախոսը, ելնելով վերոնշյալ նպատակներից, ագրոանտառաբուծական  համակարգերի նախագծերը կարող են համապատասխանեցվել առանձին ֆերմերների ակնկալիքներին, ինչպես նաեւ առկա հնարավորություններին:

Դասախոսության ավարտից հետո ծավալվեց ակտիվ քննարկում, սեմինարի մասնակիցները՝ ՀԱԱՀ դասախոսներ, ուսանողներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, բնապահպաններ, Շենավանի բնակիչներ եւ ոլորտի այլ շահակիցներ, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին եւ սեմինարի կազմակերպիչներին: