Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հանդիպումներ է ունենում բուհի բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկում գալիք աշխատանքային տարվա անելիքները, ձեռքբերումները, խնդիրներն ու բացթողումները, որոնք պետք է հաղթահարել միասին:
«Բոլորիս առաջնահերթ նպատակը նույնն է ՝ մրցունակ մասնագետների պատրաստում»,- շնորհավորելով ներկաներին մեկնարակող ուսումնական տարվա առթիվ՝ ասաց պրոռեկտոր Զաքոյանը հերթական՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի վարչական եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետն այն ֆակուլտետներից է, որ բարձրագույն կրթությանը զուգահեռ հաջողությամբ իրականացնում է նաեւ վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ արտաքին շահակիցների համար: Նախորդ տարվա ընթացքում ֆակուլտետի ենթակայությամբ գործող նորարարական լաբորատորիաներում եւ Բալահովիտի կաթնամթերքի վարպետաց դպրոցում վերապատրաստվել եւ մասնագիտական, աշխատանքային հմտություններ է ձեռք բերել ավելի քան 330 մարդ՝ սովորելով շոկոլադագործություն, գարեջրագործություն, գինեգործություն եւ այլն: Շուտով գլխավոր մասնաշենքում կբացվեն նաեւ սննդագիտության, մսամթերքի, ձկնամթերքի եւ կաթնամթերքի լաբորաորիաներ, որոնք նոր հնարավորություններ կբացեն նախ եւ առաջ ֆակուլտետի ուսանողների համար:
Պարոն Զաքոյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն՝ ՀՀ արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները հնարավորություն ունեն առանց ընդունելության քննություն հանձնելու 2023 – 2024 ուսումնական տարում ուսումը շարունակելու Ագրարային համալսարանի բակալավրիատում՝ հեռակա ուսուցմամբ: Այս ձեւաչափով հատկացված 340 տեղից 100-ը նախատեսված է հենց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մասնագիտությունների համար, ուստի պրոռեկտորը հորդորեց տեղեկատվությունը տարածել իրենց շրջապատում՝ հնարավորություն տալով նշյալ շրջանավարտներին օգտվելու աննախադեպ հնարավորությունից:
Առանց քննության ընդունվելը, սակայն, չպետք է ազդի ուսման որակի վրա։ «Ագրարային համալսարան ընդունված ուսանողը պետք է իմանա, որ այստեղ չեն հանդուրժում անպատասխանատու ուսանողներին»,-ընդգծեց պարոն Զաքոյանը՝ նոր ուսումնական տարում բոլորին մաղթելով ուժ ու եռանդ՝ իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու եւ բուհի ընդունած արժեհամակարգով առաջ շարժվելու համար:
Դեկան Սմբատ Դավեյանն էլ անդրադարձավ ֆակուլտետի ռազմավարական պլանի իրականացմանը: Վերջերս ֆակուլտետը մշակել է երեք կրթական ծրագիր, որոնցից մեկն արդեն հաստատել է բուհի գիտական խորհուրդը:
«Մենք գտնվում ենք վերելքի գործընթացում, բայց այդ ճանապարհին դեռ շատ անելիքներ ունենք», – հանդիպումը եզրափակեց դեկանը՝ գործընկերներին մաղթելով ձեռքբերումներով ու հաջողություններով լի ուսումնական տարի:
- 31/08/2023
- 2023