Փոխնախարար Արման Խոջոյանը հավաստագրեր է հանձնում գյուղկոոպերատիվների ղեկավարների առաջին խմբին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին մասնակցեց Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մաս կազմող՝  գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությանը, որը տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի շքասրահում։

Ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, ծրագրի հիմնական դասընթացավարը՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը խոսեց վերապատրաստման այս դասընթացի կարեւորության մասին՝ շեշտադրելով ոլորտում աննախադեպ պետական աջակցության պարտավորեցնող փաստը եւ այն դիտարկելով որպես գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման եւ առհասարակ մեզանում կոոպերատիվ շարժման զարգացման լուրջ խթան։ Պարոն Ուռուտյանը նշեց․ «Ձեզ վստահվում է պետական ռեսուրս, որ ինքնին պարտավորեցնող է։ Սակայն շատ կարեւոր է, որ կիրառվում է համապարտության, գործընկերության սկզբունքը․ սա հենց կոոպերատիվ՝ գործակցային սկզբունքն է։ Պարզ է, որ հիմնական գործը տեղերում ձեր եւ ձեր կոոպերատիվների անդամների ուսերին է, սակայն դուք միշտ կարող եք ապավինել մեր օգնությանը՝ կոոպերատիվի կանոնադրությանը, կառավարմանը, ֆինանսներին ու հաշվապահությանը վերաբերող որեւէ հարցով»։

Փոխնախարար Արման Խոջոյանը, շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտած կոոպերատորներին, խոսեց այն փոփոխությունների մասին, որ կառավարությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, կատարել է գյուղատնտեսական կոոպերատիվների որակական զարգացումն ապահովելու համար։ Ըստ պարոն Խոջոյանի, առաջին կարեւոր փոփոխությունը «գիտելիքի եւ գիտակցության փոխանցումն է», կոոպերատիվների անդամների կողմից այն ընդհանուր մոտեցումների յուրացումը, որոնք թույլ կտան հասկանալ կոոպերատիվի կարեւորությունը, այն հիմնելու եւ կառավարելու սկզբունքներն ու մոտեցումները։

Երկրորդ փոփոխությունը, որ կառավարության ուշադրության կենտրոնում է՝ հարկային եւ ընդհանրապես օրենսդրական փոփոխություններն են։  Այս առումով պարոն Խոջոյանը տեղեկացրեց, որ Ագրարային համալսարանի հետ համատեղ, նաեւ Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի կատարած ուսուումնասիրությունների եւ ունեցած փորձի հիման վրա Էկոնոմիկայի նախարարությունը Ֆինանսների նախարարության հետ քննարկում է մի փաթեթ, որը «հնարավորություն կտա կոոպերատիվների համար ստեղծել զարգանալու, ուժեղանալու ավելի բարենպաստ պայմաններ»։

«Տասնութ կոոպերատիվներ ցանկություն են հայտնել մաս կազմել այս բոլոր փոփոխություններին։ Այսօր 18-ից միայն 12-ն են ստանում հավաստագրեր, եւ սա նույնպես կարեւոր ցուցանիշ է այն առումով, որ այս ամենն արվում է ոչ թե որպես պարզապես մեկնարկած նախաձեռնության շարունակություն, այլ՝ որ զարգանալու հնարավորություն է տրվում կոոպերատիվների եւ ոլորտում գիտելիք ստեղծելու կարեւորությունը խորապես գիտակցող մարդանց», – ասաց փոխնախարար Խոջոյանը։

Արման Խոջոյանը լիահույս է, որ վերապատրաստման համանման դասընթացներից որակապես տարբերվող այս դասընթացը հիմք կհանդիսանա ոչ միայն գյուղկոոպերատիվների զարգացման, այլեւ համայնքների եւ մարզերի զարգացման գործում դրանց հիմնարար դերակատարության համար։ Նա շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին՝ դասընթացը բարձր մակարդակով անցկացնելու համար եւ անցավ 12 առաջամարտիկներին հավաստագրեր հանձնելու հաճելի պարտականության կատարմանը։