Դիտարկումներ միջազգային ուսանողի կյանքից

Ես Վաչեն եմ, սովորում եմ ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնում: Ներկայումս լինելով Էրազմուս+-ի ծրագրի շահառու, 10 ամսվա ծրագրով ուսումս շարունակում եմ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։  Այժմ կկիսվեմ իմ տպավորություններով և փորձով, որը ձեռք եմ բերել վերջին մի քանի ամսվա ընթացքում։

Հոկտեմբերի սկիզբն էր։ Ֆրանկֆուրտի Օդանավակայանից դուրս եկա, դիմավորող չկար, իսկ համալսարանի քաղաքը գտնվում էր Ֆրանկֆուրտից 45 կիլոմետր հեռու, ընկերներիցս մեկը խորհուրդ էր տվել գնացքից օգտվել, որի կայարանը գտնվում էր օդանավակայանին մոտ։ Գտնվում էի արտասահմանում, առանց հարազատի, հեռախոսս արդեն 10 տոկոս էր, չէի ուզում օգտվել, որ շուտ չնստեր: Քաղաքիս անունը անգիր էի արել (սկզբում շատ բարդ էր), որ ամեն անգամ հեռախոսի մեջ չմտնեմ ու ճշտում անեմ։ Խուճապի չմատնվեցի ու համակարգեցի իմ քայլերի հաջորդականությունը։ Մի անգամ կորա կայարանի ճանապարհին, բայց տեղացիները շատ ջերմ ու աջակցող էին և օգնեցին հասնել մինչև իմ քաղաքը։

Գնացքից դուրս գալուց միանգամից արևի ջերմությունը ողջունեց ինձ ու ասաց “Բարի գալուստ երկրորդ տուն”։ Այդ պահից սկսվեց իմ կյանքի նոր փուլը, որտեղ կառճակատվեմ թե՛ էմոցիոնալ բախումների, թե՛ վեճերի, թե՛ նոր ծանոթությունների և դեմքերի։ Բարեբախտաբար համալսարանում ինձ դիմավորող կար և ինձ ուղեկցեցին իմ բնակարանը։ Այն մեկ սենյականոց էր, ուներ իր խոհանոցը և սանհանգույցը։

Սենյակիս պատուհանից երևում էին խաղողի այգիները, և բերքահավաքին մասնակցող քաղվորները, իսկ քիչ հեռու՝ խաղողի այգուն կից անտառապատ բլուրները։ Բլուրներից մեկի գագաթին տեղակայված է Բենեդիկտյան տաճարը, իր երկու աշտարակներով, որին պատկանում են այդ խաղողի այգիները։

Պետք է 5 օր մեկուսացված մնայի, քանի որ պատվաստված չէի։ Արդեն 2-րդ օրվանից չէի դիմանում, ուզում էի դուրս գալ ու վայելել այն գեղատեսիլ վայրը, ուր հասել էի։ Կարանտինը ավարտելուց հետո գնացի համալսարանի միջազգային գրասենյակ, որի ղեկավարը մեծ սիրով ընդունեց ինձ ու ներկայացրեց իմ հաջորդ քայլերը, որ պետք է անեմ, որպեսզի դառնամ լիիրավ ուսանող։ Այդ պահին հանդիպեցի նաև մի խումբ ռուս, ուկրաինացի և իտալացի ուսանողների, ովքեր հետագայում դարձան իմ մտերիմները։ Մենք գնում էինք իրար հյուր, տարատեսակ խաղեր խաղում, կիսվում մեր մշակույթով և սովորույթներով։ Հետագայում նրանցից շատերի հետ իմ կապն էլ ավելի ամրապնդվեց շնորհիվ նրա, որ մի քանիսս լինելով հետխորհրդային երկրների ներկայացուցիչներ, ունեինք շատ ընդհանուր սովորույթներ։

Անցավ մի քանի օր և մենք սկսեցինք հաճախել դասերին։ Ամենասիրածս առարկան Գինու փորձաքննությունն էր․ ոնց չսիրեի, ամեն դասին 10-15 շիշ Եվրոպական տարբեր երկրների գինիներ էինք փորձաքննում։ Ինձանից խորհուրդ․ պետք չէ սահմանափակվել միայն անգլերեն մասնագիտական տերմիններով, գովելի է տիրապետել իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն մասնագիտական տերմիններին, քանի որ սովորելով Եվրոպայում և չտիրապետելով դրանց, դժվար կլինի հասկանալ և ընկալել գինու մի շարք բնութագրիչներ։ Հարկ է նաև իմանալ այդ երկրների կլիման և վարչատարածքային անվանումները, քանի որ դրանք շատ են օգնում գնահատել մեր ձեռքի տակ գտնվող գինիները։ Քանի որ քիմիա առարկան մեր դպրոցում անցել ենք ռուսական տերմինալոգիայով, խորհուրդ կտամ մակերեսային ուսումնասիրել նաև անգլերեն տերմինները։

Բարձր եմ գնահատում նաև Գայզենհայմի համալսարանի Ուսանողական խորհրդի աշխատանքը, նրանք չթողեցին ես միայնակ զգամ կարանտինի ժամանակ։ Մեկ-մեկ գալիս էին այցելության առանց տուն մտնելու (չէ որ կարանտի մեջ էի և դա Գերմանիան էր), սնունդ էին բերում, ամբողջ օրը հասանելի էին ինձ համար, եթե ինչ որ բանի կարիք էի զգում, տեղում օգնում էին։ Նաև կազմակերպել են շրջագայություններ տարբեր գինեգործարաններով ու այլ գեղատեսիլ վայրերով, որին ես մասնակցել եմ մեծ պատրաստակամությամբ։

Դասախոսները շատ հարգալից և ընկերասեր են ուսանողների հանդեպ, օգնում են՝ եթե հարցեր են առաջանում ուսանողի մոտ, նաև խորհուրդներ են տալիս մեր մասնագիտական զարգացման հարցում։ Համալսարանը նաև հոգում է ուսանողների ֆիզիկական առողջության մասին։ Ունի ֆուտբոլային ակումբ, որտեղ մարզվում և խաղում են ուսանողները։ Կազմակերպում են ֆիզիկական ակտիվության այլ միջոցառումներ։

Սուրբ Ծննդյան օրերին մեզ տրվում է 2 շաբաթ արձակուրդ։ Եվրոպայում շրջագայելը բարեբախտաբար էժան է և հարմարավետ։ Եղել եմ Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև հաջողեցի լինել Փարիզում։ Այցելում էի թանգարաններ, գինեգործարաններ։ Ամեն տեղ նոր գիտելիքներ էի ստանում, փնտրտուքների մեջ էի թե՛ գինու, թե՛ ինքնազարգացման մեջ։ Սկսել եմ ուսումնասիրել նաև իսպաներեն։

Հաջորդ կիսամյակում ավելանալու են նոր առարկաներ և ես մեծ ուրախությամբ եմ դրանց դիմավորելու, քանի որ ստանալու եմ նոր գիտելիքներ, ձեռք կբերեմ նոր ծանոթություններ։ Անելու եմ առավելագույնը ստանալ պրակտիկ փորձ թե՛ խաղողագործության մեջ, թե՛ էնոլոգիայի մեջ։

Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել լինել արտերկրում և ստանալ բազմաթիվ գիտելիքներ, որի համար շնորհակալ եմ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանատին, Միջազգային կապերի դեպարտամենտին և այն անձանց, ովքեր քիչ թե շատ իրենց ներդրումն են ունեցել իմ այս նպատակի իրականացման մեջ։

Վաչե Գրիգորյան

Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրի ուսանող