Նոյեմբերի 23-ին` իր ծննդյան օրը, հաճելի անակնկալ էր սպասվում Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի նախկին դեկան, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչիկ Ջավադյանին։ Այս տարվա սեպտեմբերին հանգստի անցած վաստակաշատ դասախոսի եւ ղեկավարի հոբելյանը համալսարանում նշելու նախաձեռնությունը ամբիոնի ներկայիս վարիչ Աշոտ Ոսկանյանինն էր։ Հենց նա էլ առաջինը շնորհավորեց եւ բարձր գնահատեց պարոն Ջավադյանի ներդրումը ամբիոնի եւ ամբողջ համալսարանի գործունեության մեջ՝ թե որպես դասախոսի եւ թե որպես ուսումնական ու կիրառական հետազոտական աշխատանքների պատասխանատուի, միջազգային համագործակցության կարեւոր օղակներ ղեկավարողի։
Պարոն Ջավադյանին սրտի խոսք ասելու ցանկություն եւ հետաքրքիր ասելիք ունեին բառացիորեն բոլոր հավաքվածները՝ ամբիոնի աշխատակիցները, համալսարանի ղեկավարները, Էկոնոմիկայի նախարարությունից եւ այլ կառույցներից եկած հյուրերը, ուսանողները։ Նրանց բոլորին միավորում էր Հրաչիկ Ջավադյանի հանդեպ ունեցած սերն ու հարգանքը, նրա ուսանողը կամ գործընկերը լինելու հանգամանքը եւ այն բանի հավաստիացումը, որ հարազատ համալսարանի դռները միշտ բաց են նրա եւ մեր մյուս հնամարտիկների` վետերանների առջեւ։
Այս մասին վաստակաշատ հոբելյարը առիթ ունեցավ համոզվելու, երբ ունկնդրում էր բոլոր ելույթ ունեցողներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին՝ պարոն Ջավադյանի երբեմնի ուսանողին, որը փոխանցեց նաեւ արտերկրում գտնվող ռեկտոր Վարդան Ուռուտյանի ջերմ ողջույնն ու շնորհավորանքը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանին, Ամբերդ հետազոտական կենտրոնի նախկին տնօրեն, գյուղատնտեսության նախկին փոխնախարար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանին, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Իռա Փանոսյանին, դոցենտ Ռուբիկ Թովմասյանին, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիանա Խաչատրյանին եւ մյուսներին։
«Ամբիոնն իմ տունն է, եւ շատ կարեւոր է, որ մեր ամբիոնում եւ առհասարակ համալսարանում լավագույն ավանդույթները շարունակվում ու զարգանում են»,- ասաց պարոն Ջավադյանն իր խոսքում, որը սրտառուչ էր, իր ապրած կյանքը, աշխատանքն ու նվիրվածությունը լավագույնս արտահայտող։ «Ես դժվարություններ շատ եմ տեսել ու հաղթահարել, ըստ էության իմ ամբողջ կյանքն ու մասնագիտական գործունեությունը կապված են եղել դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարման հետ։ Բայց ես՝ գյուղից եկած պատանիս, երազանք ունեի, որի իրականացումը կապել էի այս համալսարանի հետ եւ այս համալսարանն էլ եղավ իմ երազանքների իրականացման հանգրվանը։ Այստեղ ես բազում տարիներ իմ կարողությունների սահմաններում օգնել եմ այլոց՝ իմ ուսանողների երազանքների իրականացմանը, փորձել եմ սատար կանգնել իմ երիտասարդ գործընկերների՝ որպես մեր երկրի ու հասարակության համար պիտանի մասնագետների, կայացման գործում»։
Եվ բոլորը փաստեցին՝ այս ամենը Հրաչիկ Ջավադյանին լիովին հաջողվել է։
Պարոն Ջավադյանը եւ բոլոր ներկաները երախտագիտություն հայտնեցին Աշոտ Ոսկանյանին՝ գեղեցիկ նախաձեռնության համար, որ սոսկ վաստակած մարդու արժանավայել գնահատանք չէր, այլ նաեւ՝ համալսարանական տարբեր սերունդների միջեւ անհրաժեշտ կապը կենդանի պահելու արդյունավետ հնարավորություն։