Ես Արման Գրիգորյանն եմ։ 2012-2020-ին սովորել եմ ՀԱԱՀ-ում։ Սկզբից որպես տնտեսագետ, իսկ մագիստրատուրայում արդեն ֆինանսների կառավարիչ։ Ու շատերի պես ես նույնպես ունեցել եմ ուրախ եւ դժվարին օրեր, հատկապես ավարտական կուրսերում։ Սովորում էի, մագիստրատուրայում հաճախում արտադրական պրակտիկայի, աշխատում գիտական թեզիս վրա։ Հենց այդ օրերին էր, որ իմ սիրելի բարեկամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ում աշխատելու հրավեր ատացա, որտեղ աշխատում եմ մինչ օրս՝ որպես հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների շահերի պաշտպան։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ շահերի պաշտպանությունը իրավական ոլորտ է եւ որևէ կապ չի կարող ունենալ տնտեսագիտության, առավել եւս ֆինանսների կառավարման հետ։ Սակայն, ուսումնասիրելով ոլորտը, հասկանում ես, որ դա այդքան էլ այդպես չէ։ Եւ երբեմն քեզ կարող է օգնության հասնել մասնագիտությունդ։ 2020 թվականին ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վերաբերյալ պետք է տեղի ունենար արտագնա սեմինար Աղվերանում։ Ինձ բաժին էր հասել կայուն զարգացման նպատակներից մեկը, որի նշանաբանն էր՝ ոչ աղքատությանը։ Ուսումնասիրելով իրավիճակը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հասկանում ես, որ որեւէ երկրի կայուն տնտեսության գրավականներից մեկն էլ կրթությունն է եւ, ցավոք, ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում աղքատության հիմնական աճի պատճառներից մեկն այն է, որ շատ կրթօջախներ, դասագրքեր, բանկոմատներ, ֆինանսական մի շարք ծառայություններ դեռեւս հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Բանկոմատների վրա, օրինակ, չկան բռայլյան տառեր, որոշ ֆինանսական կառույցներում բացակայում են կամ սխալ են կառուցված թեքահարթակները, գյուղատնտեսական մեքենաները, ջերմոցները եւս այս ցանկում են։
Բազմաթիվ գործատուներ շարունակում են հաշմանդամությունը դիտարկել որպես անձի խնդիր, մոռանալով, սակայն, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ։ Մինչդեռ, ԱՄՆ-ում ագրոոլորտը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ստեղծվել եւ շարունակում են ստեղծվել խելացի հարմարեցումների մասին բազմաթիվ դասագրքեր, ծրագրեր, ճարտարապետական լուծումներով են կառուցվում գոմերը, ջերմատնային տնտեսությունները, որպեսզի լինեն մատչելի։ Կյանքի են կոչվում բազմաթիվ խթանիչ ծրագրեր, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը կարողանա զբաղվել ագրոբիզնեսով եւ գրանցի հաջողություններ։
Մինչդեռ մեր երկրում հաշվի չի առնվում նման լուծումների կարեւորությունը։ Իսկ պատճառները շատ են եւ տարբեր։ Սակայն հուսով եմ, որ օրերից մի օր մեր՝ Հայաստանյան ագրոոլորտը մատչելի կլինի բոլորին, որն էլ իր հերթին որոշ չափով կնպաստի աղքատության կրճատմանը եւ էլ ավելի կբարելավի երկրի տնտեսական ցուցանիշները։