Վահագ Եղիազարյանն է, անասնաբուծական-անասնաբուժական ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը: Իր ոլորտի ճշմարիտ նվիրյալ: Տեսական հարուստ գիտելիքներին տարիների հետ փորձառություն հավելած մարդ: Նա իր մասնագիտության պատվախնդիր տերն է ու անմնացորդ նվիրումով ծառան: Վահագը աշխատում է Շիրակի մարզի անասնաբուժական ծառայությունում, եւ դասավանդում է գյուղատնտեսական քոլեջում: Նաեւ քոլեջի շնորհիվ է, որ արթուն է կապը հարազատ բուհի, գործընկեր դարձած դասախոսների հետ:
Նրա յուրաքանչյուր այցը անցյալը վերհիշելու, ձեռքբերումն ու բացթողումը ընդգծել-ամփոփելու պատճառ-առիթ է: Հիմա էլ եկել է կրթության կազմակերպման գործում էական գործոն դարձած էլեկտրոնային բաղադրիչների նորամուծությունները սովորելու:
Կրթության ոլորտում էլեկտրոնային հարթակի դերն ու կարեւորությունը ամենեւին չվիճարկելով հանդերձ, պետք է շեշտենք, որ լսարանում-լաբորատորիայում դուսախոս-ուսանող համատեղ սիրով լեցուն աշխատանքն է եղել ու մնում լավ կրթության անկյունաքարը: Տարիների փորձով իմաստնացած գիտնականի դասախոսությունը չի կարող փոխարինվել տեքստերով: Եւ տեքստերն էլ, բնականաբար, չեն փոխանցում այն էներգիան, որ ստեղծվում է լսարանում ու սնուցում է սերունդներին:
– Ինձ համար անկրկնելի են եղել ու մնում պրոֆեսոր Նաղաշյանի (խոնարհվում եմ նրա հիշատակի առջեւ) եւ Օլեգ Շչերբակովի դասախոսությունները: Նրանք ակադեմիական գիտելիքներով, փորձով կուտակված ահռելի պաշարներ ունեին, որ պատրաստ էին սիրով փոխանցել ուսանողներին:
Մենք էլ նույն սիրով, անհագորեն կլանում էինք, այն ամենն, ինչ դասագրքերում չես գտնի,-ասում է Վահագը:
Այո, լսարանում եւ համատեղ աշխատանք, սա է շարունակականության միակ բաղադրատոմսը: