Սահմանվել է մագիստրատուրայի անվճար տեղերի քանակը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա, պետության՝ նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պահուստային տեղերը՝ 14:

Ընդունելության տեղերը ձեւավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, ըստ որի պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով: Մագիստրատուրայի ընդունելության տեղերը սահմանվել են` հիմք ընդունելով բուհերի ներկայացրած հայտերը, աշխատաշուկայի պահանջարկը, նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, մագիստրոսի կրթական ծրագրով փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի (ըստ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի) բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաեւ լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը: