ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի պատվիրակները Ագրարային համալսարանում

ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNICE) ներկայացուցչական պատվիրակության՝ մարտի 14-ից 22-ը Հայաստան կատարած այցի շրջանակում, ՀԱԱՀ բնապահպանական ծրագրերի գծով խորհրդական Էմիլ Գեւորգյանի հրավերով, Ագրարային համալսարանում եղան այդ կազմակերպության հողերի պահպանության եւ հողաբարելավման գծով խորհրդական Զդրունի Պանդին եւ բնապահպանական աշխատանքների պատասխանատու Անգելա Սոկիրկան։ UNICE-ի պատվիրակության առաքելությունը բնապահպանական գործունեության արդյունավետության դիտազննումը եւ ՄԱԿ-ի անդամ երկրներում բնապահպանական եւ հարակից հարցերում կառավարման համակարգի կատարելագործումն է։

UNICE-ի պատվիրակները պարոն Գեւոգյանի, ՀԱԱՀ միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի, ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանի, կենտրոնի եւ ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մասնագետների հետ քննարկեցին Հայաստանում հողերի պահպանության եւ բնապահպանական խնդիրների լուծմանը, մասնավորապես հողերի դեգրադացման գործընթացի կասեցմանը, հողային եւ ջրային ռեսուրսների հարակայուն կառավարմանն առնչվող կրթական, հետազոտական, օրենսդրական եւ այլ միջոցներ, պատկերացումներ ու առաջարկություններ։

Հյուրերը տպավորված էին առհասարակ համալսարանում եւ մասնավորապես Հողագիտության գիտական կենտրոնում եւ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնում իրականացվող հետազոտական աշխատանքներով, որոնք ուղղված են մարդածին գործոնների ազդեցությամբ առաջացած լուրջ գյուղատնտեսական եւ բնապահպանական մարտահրավերներին (հաճախ այս երկու ոլորտների «բախմանը») դիմակայելուն։

Ակնկալվում է, որ UNICE-ի պատվիրակության այցը Ագրարային համալսարան ոչ թե պարզապես կդառնա Հայաստանի վերաբերյալ վերոնշյալ դիտազննման զեկույցի մի մաս, այլ՝ հետագա համագործակցության ու մեր երկրի գյուղատնտեսության տեխնոլոգիական եւ, որ խիստ կարեւոր է՝ բնապահպանական տեսակետից անվտանգ զարգացման հիմք։