Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

2019 թ.-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ-ն իրականացնում է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն (ԱԿԳԿ) հիմնադրելու ծրագիրը: Դրա հիմնական նպատակը ՀԱԱՀ-ում Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի (ԱԿԳԿ) հիմնումն է, որը համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Դրամաշնորհի ընդհանուր գումարը (ներառյալ համաֆինանսավորումը) 160.041.250 դրամ է:

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն, որը կնպաստի կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը, կրթություն-հետազոտություն և բուհ-աշխատաշուկա կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը:

Գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ՀԱԱՀ կրթական համակարգում կներդրվի անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում և նոր մոտեցում՝ բիոէթիկական կրթություն: ԱԿԳԿ-ի կազմում կլինեն երեք հիմնական բաժիններ.

անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին,
անասնաբուժական ժամանակակից կլինիկա,
ուսումնական լսարաններ:
Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին: Այն թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և առավելագույնս նախապատրաստել նրանց ապագա մասնագիտական գործունեության համար:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Այստեղ կարող եք ծանոթանալ ծրագրի շրջանակներում անցկացվող ծրագրերին։

Ծրագիրի շրջանակներում.

Կստեղծվի անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին-լաբորատորիա, որտեղ ուսանողները կկարողանան հմտանալ իրենց գործնական հմտությունների և կարողությունների ուղղությամբ՝ կրթության ընթացքում պահպանելով բիոէթիկական նորմերը:
Կստեղծվի ժամանակակից անասնաբուժական կլինիկա, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, իսկ կլինիկան միաժամանակ ծառայություններ կմատուցի ազգաբնակչությանը: Կլինիկան գիտական հետազոտությունների իրականացման համար հիմք կհանդիսանա նաև ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և դասախոսների համար:
Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որտեղ տեղական և հրավիրյալ պրոֆեսորների ու մասնագետների կողմից պարբերաբար կիրականացվեն անասնաբուժության ոլորտի մասնագետների և ֆերմերների վերապատրաստումներ, խորհիդատվական ծառայություններ, մասնագիտական որակի բարձրացման միջոցառումներ:

Ակնկալվող արդյունքներն են.

սիմուլյացիոն կենտրոնի միջոցով նպաստել համալսարանում իրականացվող կրթության բիոէթիկական նորմերի ապահովմանն ու դրա հետագա խթանմանը,
ժամանակակից անասնաբուժական կլինիկայի գործարկման միջոցով թողարկել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով և կարողություններով մասնագետներ,
գերազանցության կենտրոնի միջոցով հետազոտական աշխատանքների իրականացում, կրթություն-գիտություն կապի վերականգնում և ընդլայնում, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում մասնագետների վերապատրաստումների և որակավորման բարձրացմանը միտված այլ միջոցառումների, համատեղ գիտական աշխատանքների իրականացման միջոցով:
Ներկայացվող ծրագրի թիրախային խմբերն են՝ ՀԱԱՀ ֆակուլտետի և քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մագիստրանտները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, անասնաբույժները, սննդամթերքի անվտանգության մասնագետները, կենդանիների հիվանդությունների հետազոտմամբ և կանխարգելմամբ զբաղվող տեղական կառույցների ներկայացուցիչները: Նորաստեղծ անասնաբուժության կրթագիտական գերազանցության կենտրոնը կհանդիսանա այդ ոլորտում ներգրավված տարբեր կենտրոններին և առանձին մասնագետներին միավորող յուրահատուկ կառույց: Դրա արդյունքում ոլորտի հիմնախնդիրների վերհանումն ու իրականացվող ծրագրերի գնահատումը կստանա որակական մեկ այլ աստիճան, ինչի արդյունքում կնվազեն կենդանիների վարակիչ հիվանդությունների դեպքերը, կբարելավվի կենսաբանական վտանգների վերահսկման մեխանիզմները, կբարելավվի ազգաբնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովման հիմնախնդիրը: Նորաստեղծ գերազանցության կենտրոնի գործարկումից հետո նախատեսվում է ստեղծել առանձին էլեկտրոնային հարթակ Զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) համար, ինչի շնորհիվ բազմաթիվ ներքին և արտաքին շահակիցների համար հասանելի կլինեն ժամանակակից անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տարատեսակ նյութեր: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար: Ներկայացված ծրագրի իրականացման դեպքում կստեղծվի անասնաբուժական կլինիկական նորագույն սարքավորումներով, սիմուլյացիոն մուլյաժներով և էլեկտրոնային կրթական ծրագրերով հագեցված և հմուտ աշխատակիցներ ունեցող գերազանցության կենտրոն, որը կունենա գործունեության կրթական, հետազոտական և խորհրդատվական բաղադրիչներ:

    Կապ մեզ հետ

    Հետադարձ կապ`

    ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    I մասնաշենք, 127 սենյակ
    Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
    E-mail: [email protected], [email protected]