Հյուրընկալեցինք Գավառի գյուղատնտեսական քոլեջի սաներին

Ինչպես գիտենք,  ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսական քոլեջների շրջանավարտները հնարավորություն ունեն որոշ մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների կրթությունը շարունակելու Ագրարային համալսարանում՝ համապատասխան կամ իրենց ստացած մասնագիտությանը մոտ մասնագիտությամբ: Օրերս Ագրարային համալսարան էին այցելել Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշեւի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ ծանոթանալու մասնագիտական կրթությունը երկրի միակ ագրոպարենային ոլորտի բուհում շարունակելու հեռանկարներին:

ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը քոլեջականներին ներկայացրեց քոլեջից բուհ, բուհից աշխատաշուկա սահուն անցման գործընթացը, որը հնարավոր է եւ իրական Ագրարային համալսարանի ներդրած աշխատանքային կիսամյակի շնորհիվ: Տիկին Մնացականյանը երիտասարդների հետ խոսեց աշխատաշուկայում ագրարային ոլորտի որակյալ մասնագետների պահանջարկի մասին, անդրադարձավ  բակալավրիատի կրթական ծրագրերին ու դրանց ընձեռած աշխատանքային հնարավորություններին:

Աշխատակազմի ղեկավարի հետ կարեւոր զրույցից հետո Գավառի քոլեջականները շրջայց կատարեցին համալսարանում, եղան ՀԱԱՀ նորարարական ջերմատանը, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, Անտառագիտության կենտրոնում, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Ընդհանուր քիմիայի լաբորարիաներում, ծանոթացան բուհի ենթակառուցվածքներին, ուսումնական  լաբորատորիաների ու գիտահետազոտական կենտրոնների ռեսուրսներին՝ համոզվելով, որ Ագրարայինում ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները ոլորտի լավագույն մասնագետ դառնալու համար: