Այսօր՝ փետրվարի 17-ին, կայացավ Գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի հիմնական հարցերից առաջինը վերաբերում էր ՀԱԱՀ շրջանավարտների զբաղվածության վերլուծությանն ու խնդիրներին, իսկ զեկուցողը Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն էր: Իրականացվել են երկու տեսակի հարցումներ եւ վերլուծություն՝ շրջանավարտների բավարարվածությունը եւ բուն զբաղվածության պատկերը պարզելու նպատակներով:
Ըստ հարցման արդյունքների, աշխատում է 2017-2019 թթ. շրջանավարտների 73, այդ թվում մասնագիտությամբ՝ 41 տոկոսը: Ներկայացուցչականությամբ թերեւս աննախադեպ հարցումը տարբեր արդյունքներ է արձանագրել, օրինակ՝ ըստ մարզերի. պարզվում է՝ մասնագիտությամբ աշխատող շրջանավարտների տեսակարար կշիռն ամենաբարձրն է Սյունիքում եւ Տավուշում՝ 60 տոկոս: Առհասարակ, ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր տվյալներ է վերհանել, որոնք անհրաժեշտ են շրջանավարտների հետագա զբաղվածության ցուցանիշների բարելավման տեսակետից:
Խորհրդանշական է, որ 2017-2019 թթ. շրջանավարտներն իրենց մեկնաբանություն-առաջարկներում կարծես կանխատեսել են այն վերափոխումները, որոնք այսօր արդեն իրողություն են համալսարանում՝ գործնական ուսուցման «չափաբաժնի» ավելացում՝ տեսականի նվազեցմամբ, տեխնոլոգիական-լաբորատոր հագեցվածություն, ոլորտի գործող մասնագետների ներգրավում դասախոսական համակազմում, գործնական անգլերենի ուսուցում եւ այլն:
Ռեկտոր Ուռուտյանը, գովելով կատարված լավ աշխատանքն ու վերլուծությունը, առաջարկեց հետագա հարցումներում ներգրավել նաեւ շրջանավարտների գործատուներին՝ պարզելու համար, թե նրանք երիտասարդ մասնագետների հատկապես որ հմտություններն են կարեւոր համարում: Սա կօգնի կատարելագործելու բուհի ուսումնական պլանները: Պարոն Ուռուտյանը նշեց, որ կարեւոր է նաեւ հեռակա համակարգի շրջանավարտների հարցումներ անցկացնելը եւ առհասարակ ընտրանքն ավելի ներկայացուցչական դարձնելը, ընդ որում՝ նպատակայնորեն օգտագործելով թվային հարթակները:
Օրակարգի երկրորդ հարցը, որի մասին զեկուցումով հանդես եկավ Ագրոնոմիականի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, վերաբերում էր ֆակուլտետի ամբիոններում ուսումնական գործընթացների կազմակերպման վիճակին եւ խնդիրներին: Զեկուցումից պարզ դարձավ, որ, անկախ օբյեկտիվ դժվարություններից, ֆակուլտետը լուրջ ձեռքբերումներ է ունեցել, մասնավորապես՝ երիտասարդ կադրերի ներհոսքը, համալսարանի գիտական կենտրոններում դասախոսների ներգրավվածությունը, հրապարակումները (այդ թվում՝ ազդեցության գործակից ունեցող պարբերականներում), խորհրդատվական գործունեությունը, մասնագետների վերապատրաստումները, ՄԿԾ-ների ստեղծման գործընթացը, նորարարական մասնագիտությունների կայացումը, նոր ենթակառույցների նպատակային օգտագործումը եւ այլն: Ի դեպ, Ագրոնոմիականի մագիստրատուրայի 2021 թ. 28 շրջանավարտներից 18-ն արդեն աշխատում է մասնագիտությամբ: Աճող հետաքրքրություն կա ֆակուլտետի ասպիրանտուրայի հանդեպ՝ այդ թվում՝ այլ համալսարաններից:
«Ենթակառույցների առումով ֆակուլտետն, ըստ էության, այլեւս խնդիր չունի, մնում է ավելի ակտիվ մասնակցել Ֆրուտենիա նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքներին, արգենտինացի գործընկերների հետ՝ Ոսկեհատի նորարարական այգում եւ այլուր, ընդ որում՝ ավելի ակտիվորեն ներգրավելով ոչ միայն ուսանողներին, այլեւ քոլեջի եւ վարժարանի սովորողներին», – արձագանքեց ռեկտոր Ուռուտյանը, հավելելով, որ եղած ենթակառույցներն ու շատ շուտով շարք մտնելիք նորերը բառացիորեն բոլոր ագրոնոմ ուսանողներին թույլ կտան զբաղված լինել իրականացվող նախագծերում:
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքների պահպանում ու զարգացում, 2023 թ. ծրագրերի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու հայտերի քննարկում» հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը: Նա մասնավորապես նշեց, որ թեպետ կրճատվել է ծրագրային հայտերի թիվը, սակայն պահպանվել են ծրագրային բոլոր ուղղությունները: Պարոն Ծպնեցյանը Գիտխորհրդի քննարկմանը ներկայացրեց հայտերի արժեքները, համապատասխան հաստիքային միավորների թիվը եւ ծրագրային հիմնական ուղղությունները: Ուրախալի է, որ ծրագրային նոր ուղղությունները կազմում են ընդհանուրի շուրջ 60 տոկոսը, ընդ որում դրանք վերաբերում են գյուղատնտեսության բոլոր ենթաոլորտներին: Պարոն Ծպնեցյանը հայտարարեց, որ գիտական գործունեության ոլորտում ունենք բավականին հավակնոտ ակնկալիքներ, այդ թվում՝ ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հրապարակումների թվի առումով:
Ռեկտոր Ուռոտյանը նոր ուղղությունների աճը շատ բարձր գնահատեց, միեւնույն ժամանակ հորդորեց խիստ հետեւողական լինել ծրագրերի՝ գիտաչափական տեսակետից վերահսկողության առումով: «Կառավարությունն իր քայլն արել է՝ գիտության ֆինանսավորման հարցում էականորեն ավելացնելով ֆինանսավորումը, այժմ հերթը մերն է եւ մենք պետք է մեր քայլն անենք՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցության, հրապարակումների, վարկանիշավորման եւ այլ ուղղություններով», – ասաց ռեկտորը:
Նիստի ավարտին պարոն Ուռուտյանը հայտարարեց, որ ընդամենը օրեր անց համալսարանը պաշտոնապես կբացի եւս մի քանի նորարարական ենթակառույցներ, որոնք նպաստելու են ագրարային մասնագիտություններն ավելի գրավիչ դարձնելու մեր օրակարգի հաջողությանը: