Դեռ անցյալ տարի մեր ընթերցողներին առիթ ունեցել ենք հանգամանորեն ներկայացնելու Ֆրանսիայից բերված բլանշ տեսակի ոչխարների կենսաբանական-արդյունաբերական տվյալները: Սա՝ աշխարհում ամենաբարձր մսատու հինգ ցեղատեսակից մեկն է, ընտրասերման արդյունք: Խոշոր, երկարոտն, քիչ բրդատու, նվազ կաթնատու (հազիվ բավարարում է գառներին կերակրելու համար), դժվարանցանելի արոտներում հրաշալի կոմնորոշվող այս ցեղատեսակը արդեն լիովին հարմարվել է մեր երկրի բնակլիմայական պայմաններին:
Ոչխարաբուծության փորձագետ, ֆրանսիացի Ֆրանսուա Տահոն նկատում է, որ բլանշ ցեղատեսակի բոլոր դրական արդյունքները այսօր տեսնում են նաեւ Բալահովիտի ՈՒՓՏ-ում: Փորձագետներ Դլաբրոնի (Ֆրանսիա) եւ Պետերսոնի (Գերմանիա) համոզմամբ սա հրաշալի հնարավորություն է Հայաստանում ոչխարաբուծությունը զարգացնելու համար. «Փաստորեն այստեղ մեծ քայլ է կատարվել ավանդականից նորագույն մեթոդների անցնելու ուղղությամբ»:
Այս ամենն իրագործվել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում:
-Նպատակը ոչխարաբուծության ցարգացումն է մի քանի ուղղությունով՝ ցեղատեսակների բարելավում, հատկապես շեշտը դնելով մսատու ցեղերի վրա: Ավանդական՝ ցածրարդյունավետ մեթոդները վերանայելու անհրաժեշտություն կար,- ասում է EU-GAIA-ի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Կարեն Հարությունյանը:
Ֆերմերները հետաքրքրված են եւ ներդրում են կատարում այս ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ ծրագիրը հասել է նպատակին: Ագրարայինի գիտնականները ուսումնասիրում են ողջ գործընթացն ու խորհրդատվությամբ աջակցում են այն ֆերմերներին, որոնք ունեն բլանշ ցեղատեսակի ոչխարներ: Սա նաեւ փորձուսուցման լավ հնարավորություն է մեր ուսանողների համար:
Հավելենք, որ Բալահովիտի ՈՒՓՏ-ում նորագույն սարքավորումների շնորհիվ գրանցվում են հոտի հաշվառման հետ կապված բոլոր տվյալները՝ գլխաքանակ, քաշ եւ այլն: Դրանք էապես հեշտացնում են գիտնականների, տնտեսության աշխատակիցների գործը եւ ժամանակին համընթաց լինելու հաճելի զգացողություն պարգեւում: