Այսօր հավաստագրեր ստացան Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում մեկամսյա հերթական՝ 3-րդ դասընթացի մասնակիցները: Խմբում ընդգրկված տարբեր տարիքի եւ զբաղմունքի տեր վերապատրաստվողների թվում էին նաեւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներ:
Մասնակիցներից յուրաքանչյուրն ունի իր հստակ նպատակը՝ որտեղ եւ ինչպես է օգտագործելու ձեռք բերած նորագույն գիտելիքներն ու հմտությունները: Ավելին, նրանք արդեն օգտագործում են դրանք՝ աշխատանքում, սեփական բիզնեսում եւ/կամ տանը:
Հավաստագրերը մասնակիցներին հանձնելու հաճելի պարտականությունը կատարեց Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը: Հավաստագրեր ստացողներին ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին նաեւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, Ռազմավարական զարգացման գործակալության «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի (որի շրջանակում ՌԶԳ-ն վերակառուցել եւ կահավորել է լաբորատորիան) համակարգող Լիլիթ Բեգլարյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը:
Նրանք եւ ծրագրի շահառուները երախտիքի խոսք ուղղեցին լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանին եւ դասընթացավարներին՝ պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի համար: Մասնակիցները հանդես եկան նաեւ ուշագրավ մի քանի առաջարկություններով, որոնցից մեկը վերաբերում էր ավելի երկարաժամկետ դասընթաց նախաձեռնելուն. նրանք վստահ են, որ դրա անհրաժեշտությունը կա:
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) -ի տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է, որն իրականացնում է HELVETAS Swiss Intercooperation-ը՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի եւ Արևելյան գործընկերության ու Արևմտյան Բալկանների այլ կազմակերպությունների հետ: