ՀԱԱՀ-ի ռեկտորի շնորհավորական ուղերձը 2020թ․ շրջանավարտներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2020 թվականի սիրելի շրջանավարտներ։ Սրտանց շնորհավորում եմ ավարտական քննությունները հաջողությամբ հանձնելու եւ համալսարանն ավարտելու կապակցությամբ։ Այս տարի, համալսարանի բակալավրիատի առկա ծրագրերը ավարտեցին 354, իսկ մագիստրատուրան՝ 132 ուսանողներ։ Համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերը ավարտեցին 151 ուսանողներ։

Սիրելի շրջանավարտներ, ես բարձր եմ գնահատում ձեր եւ ձեր դասախոսների կատարած աշխատանքը։ Շնորհավորում եմ ձեր դասախոսներին․ վստահ եմ, որ նրանք սրտանց բաժանում են ձեր ուրախությունը՝ համարելով որ ձեր նվաճումը նաև իրենց նվաճումն է:

Շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ ձեր ծնողներին, ովքեր ձեր ուսման հարցում մեր լավագույն գործընկերներն են։ Նրանք են որ իրենց զրկել են՝ հանուն ձեր կրթության և ապագայի։

Գիտեք, որ 2020 թվականը հոբելյանական է համալսարանի համար, լրանում է Ագրարայինի 90-ամյակը։ Մենք նաեւ ձեր պատվին հետաքրքիր միջոցառումներ անցկացնելու որոշակի պլաններ ունեինք, սակայն համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պատճառով հարկադրված ենք զերծ մնալ բազմամարդ միջոցառումներից։ Այնուհանդերձ, հավատացնում եմ, որ ձեր դասախոսները եւ համալսարանի ղեկավարությունը ձեզ դեպի մասնագիտական կյանք են ճանապարհում սիրով, ջերմությամբ ու գնահատանքով։

Սիրելի շրջանավարտներ, որտեղ էլ որ սկսեք ձեր աշխատանքային գործունեությունը՝ ագրոբիզնեսի ձեռնարկությունում, սննդի լաբորատորիայում, թե ֆինանսաբանկային համակարգում՝ մշտապես բարձր պահեք Ագրարային համալսարանի հեղինակությունը։ Համալսարան, որտեղ սկսված եւ շարունակվող արմատական փոփոխությունների շահառուն հասցրեցիք լինել նաեւ դուք։ Դուք հասցրեցիք տեսնել ամենակարեւորը՝ արժեքային համակարգի փոփոխությունը մեր համալսարանում, եւ լիահույս եմ, որ կլինեք այդ նոր արժեքների կրողը եւ մեր համալսարանի լավագույն դեսպանները ամենուրեք։ Ցույց տվեք, որ Ագրարային համալսարանի հպարտ շրջանավարտ եք, շատ աշխատեք, ստեղծագործեք և երբեք մի դադարեք սովորել։ Իսկ հաջողելու համար կարեւոր է, որ չվախենաք սխալվելուց։ Իզուր չէ, որ ամերիկացի նշանավոր մանկավարժ Մարվա Քոլինզն ասում էր․ «Հաջողությունը ինքնին չի գալիս, դու´ք պետք է գնաք դեպի այն»։ Ուստի ցանկանում եմ, որ հաստատուն քայլերով գնաք դեպի ձեր հաջողությունը։

Ցանկությունս է նաև, որ միշտ վերադառնաք հարազատ կրթօջախ, այստեղ ձեզ սիրում են, այստեղ ձեզ կսպասենք որպես գործընկերների։ Ակնկալում եմ, որ աշխատանքային փորձ կուտակելուն զուգահեռ դուք ցանկություն կունենաք ձեր փորձին հաղորդակից դարձնել համալսարանի ուսանողների հաջորդ սերունդներին։

Մոտ օրերին դուք կստանաք ձեր դիպլոմները և ուրախությամբ կշոշափեք ձեր կրթական նվաճումը։

Սրտանց կիսում եմ ձեր ուրախությունը, ևս մեկ անգամ շնորհավորում և համարժեք նվաճումներ ցանկանում նաև մասնագիտական կյանքում: Մաղթում եմ ձեզ բարի երթ և նորանոր հաջողություններ։