Գործակցության հուշագիր Ագրարային համալսարանի եւ «Գագարին» նախագծի միջեւ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Ագրարային համալսարանն Ագրիթեք տեխնոլոգիական ինկուբատորում հյուրընկալել էր «Գագարին» նախագծի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրոնոմիական եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ներկայացուցիչներ, ամբիոնների վարիչներ, ինչպես նաեւ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկոտոր Մարիամ Մովսիսյանն ու աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը: Ողջունելով հյուրերին՝ պարոն Ուռուտյանը նշեց, որ համալսարանը պատրաստ է գործակցել նախագծի հետ՝ համատեղ իրականացնելով նոր գաղափարներ ու ստեղծելով նոր արտադրատեսակներ:

«Գագարին» նախագիծը նախաձեռնել է տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության «Դար» հիմնադրամը՝ նպատակ ունենալով նպաստել  Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի 6 բնակավայրերի տարածքային զարգացմանը՝ երկրագործության, նորարարության եւ ձեռներեցության միջոցով:

Նախագծի հիմնադիր ղեկավար Արսեն Աղաջանյանն ագրարայինցիներին ներկայացրեց նախագծի ստեղծման պատմությունն ու տեսլականը. «Համախմբելով թիրախային բնակավայրերի բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի եւ համաներդրողների ներուժը՝ մեր նպատակն է ձեւավորել կայուն զարգացող եւ նորարար կենսակերպով ինքնաբավ համայնք՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականությանն ու երջանկությանը»:

Նախագծի շրջանակում  Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրության  վրա մշակվում է 15 մշակաբույս։ Ներկայումս մշակվող 200 հա հողատարածքը նպատակ ունեն հասցնել մինչեւ 5000 հա-ի՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Ստացված բերքը մշակում եւ շուկայահանում են հենց իրենք՝ պատրաստելով օրգանական հաց, թխվածքաբլիթներ, թեյեր, մակարոնեղեն, մանկական սնունդ… «Մարգից մինչեւ սեղան ու վաճառքի ցուցափեղկ» գաղափարն է ընկած նախագծի առանցքում, իսկ համայնքային զարգացման հիմքում նախանշված ուղղություններից մեկն էլ մրցունակ կրթական էկոհամակարգի ստեղծումն է: Նախագծի շրջանակում նախատեսվում է հիմնել Ագրոքոլեջ ինովացիոն կենտրոն, որը կունենա ուսումնական եւ փորձարարական ջերմոցներ, լաբորատորիաներ, կիրականացնի գիտական հետազոտություններ ու ամենակարեւորը՝ կպատրաստի «մարգից սեղան» մասնագիտացում ունեցող շուրջ 1500 ուսանողի:

Ագրոքոլեջի տեսլականի, ինչպես նաեւ ՀԱԱՀ-ի հետ համագործակցության հնարավոր ուղղությունների մասին խոսեց ընկերության ներկայացուցիչներից Հայկ Դավեյանը:

Ռեկտոր Ուռուտյանն առաջարկեց նաեւ համագործակցել ՀԱԱՀ ուսանողների աշխատանքային կիսամյակն ու  վճարովի փորձուսուցումները Գագարին Ագրոյում կազմակերպելու հարցում՝ համատեղ պատրաստելով ընկերության ապագա աշխատակիցներին եւ մրցունակ մասնագետներով համալրերլով ընկերության մարդկային ռեսուրսների բազան:  Ի դեպ, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտներից  Անահիտ Գրիգորյանը, որը եւս ներկա էր հարազատ բուհում կայացած աշխատանքային հանդիպմանը, աշխատում է «Գագարին Ագրո» նախագծում՝ որպես արտադրության խորհրդատու եւ տեխնոլոգ:

Հանդիպման վերջում կողմերի միջեւ կնքվեց գործակցության հուշագիր, որով վստահաբար համատեղ նոր գաղափարների  ու նախագծերի իրականացման հիմք կդրվի:

Հուշագրի ստորագրումից հետո քնարկումները շարունակվեցին թեյի սեղանի շուրջ: ներկաները համտեսեցին «Գագարին Ագրո» ընկերության օրգանկական թխվածքաբլիթներն ու թեյերը՝ արժանացնելով մասնագիտական հավանության: