Պեստիցիդների սինթեզի և փորձաքննության բաժին

Ալեքսանդր Փայլակի Ենգոյան

քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0004, Իսակովի պողոտա 24
  • (+374) 10 778890, ներքին՝ 3-04
  • [email protected]

Պատմությունը և նպատակը

Հիմնադրվել է 1962թ. համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտությունների վաստակավոր գործիչ Վ.Վ. Դովլաթյանի կողմից, ում շնորհիվ Հայաստանում սկիզբ է դրվել սինթետիկ օրգանական քիմիայի նոր ուղղությանը` բույսերի պաշտպանության նոր քիմիական միջոցների մշակմանը: Նրա ղեկավարությամբ նախկին լաբորատորիայում ստացված միացությունների շարքում հայտնաբերվել են նոր բարձր ակտիվությամբ օժտված հերբիցիդներ, ֆունգիցիդներ, աճախթանիչներ: Դրանցից մի շարք պեստիցիդներ` ֆենագոնը, կրոտիլինը, մեթազինը, սուլֆազինը, տրիսուրոնը, սուրամը, անտիգորը ներդրվել են գուղատնտեսության մեջ: Վ.Վ. Դովլաթյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 3 դոկտորական և 34 թեկնածուական ատենախոսություն:

2006 թվականից Պեստիցիդների սինթեզի և փորձաքննության բաժինը (մինչև 2022 թվականի փետրվարի մեկը՝ Պեստիցիդների սինթեզի և փորձաքննության հետազոտական կենտրոն) ղեկավարում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Ա.Փ. Ենգոյանը: Նա ոչ միայն շարունակում է բաժնի ավանդական հետազոտությունները՝ կապված ազոտ, ծծումբ և թթվածին պարունակող հետերոցիկլիկ համակարգերի ֆունկցիոնալացման հետ, այլ նաև ձեռնամուխ է եղել զարգացնել երկու նոր ուղղություններ.

  1. Երկու, երեք և չորս հետերոցիկլիկ օղակների համադրությամբ չկոնդենսված և կոնդենսված նոր համակարգերի սինթեզ, դրանց շարքերում երկու պեստիցիդային հատկություններով օժտված միացությունների հայտնաբերում:

  2. Նպատակային սինթեզներ «Կանաչ քիմիայի» սկզբունքների հիման վրա, որը նախատեսում է պինդ ֆազում կամ ջրային լուծույթում բարձր ելքերով ընթացող ռեակցիաների մշակում, էներգակիրների և թափոնների նվազեցում: Այդ նպատակով իրականացվում են սինթեզներ ուլտրաձայնի և միկրոալիքային ճառագայթման ազդեցության տակ:

Այս ուղղություններով Պեստիցիդների սինթեզի և փորձաքննության բաժինն արդեն հասել է հաջողությունների, նշված նոր համակարգերում ստացվել են միաժամանակ ֆունգիցիդային և աճակարգավորիչ բարձր ակտիվություններով օժտված տասնյակից ավելի պատրաստուկներ, որոնց մի մասն անցնում է դաշտային փորձարկումներ: 2005-2022 թթ. ընթացքում կատարված գիտահետազոտական ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են 135 գիտական հոդվածների կամ զեկուցների ձևով միջազգային, հանրապետական ամսագրերում և միջազգային գիտաժողովներում, ստացվել են 4 արտոնագրեր: Վերջին տասնամյակում հոդվածների մոտ 50% հրապարակվել է “Scopus” և “Web of Science” միջազգային բարձրագույն համակարգերում ընդգրկված գիտական ամսագրերում:

Բաժինը նաև գիտական կադրերի պատրաստման դարբնոց է, որտեղ վերջին յոթ տարվա ընթացքում իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում պաշտպանվել է 7 թեկնածուական ատենախոսություն: Այժմ այստեղ գիտական աշխատանքներն իրականացվում են 3 քիմիական սինթեզների և 1 կենսաբանական ուսումնասիրությունների խմբերում, որոնցում ընդգրկված են առաջատար գիտաշխատողներ՝ քիմ.գիտ.թեկնածուներ Տ.Ա.Գոմկցյանը և Վ.Ա.Պիվազյանը, ավագ գիտաշխատողներ՝ քիմ.գիտ.թեկնածուներ Է.Ա.Ղազարյանը, Ա.Ս.Որսկանյանը, Ա.Վ.Կարապետյանը և Ռ.Ս.Շաինովան, գիտաշխատողներ Ս.Վ.Հարությունյանը և Մ.Վ.Դովլաթյանը:

Պեստիցիդների սինթեզի և փորձաքննության բաժինը համագործակցում է հանրապետական և միջազգային հետևյալ գիտական կենտրոնների հետ.

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրության կենտրոն, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, ՌԴ ԳԱ քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտ, ՌԴ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ, ԱՄՆ Կալիֆորնիայի Մոլեկուլային բժշկության ինստիտուտ, Լեհաստանի Քիմիական նյութերի կառավարման կենտրոն, Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկի համալսարան:

Միջազգային դրամաշնորհներ.

  • ES “COPERNICUS”-2” “Pesticides” (Contract No.ICA 2-2000-10002)
  • International Science and Technology Center, (Project A-370)
  • UNIDO “Cleaner Production”
  • UNIDO “Environmentally Sustainable Management of PCBs and Other POPs Waste, Technical Assistance for POPs in the Republic of Armenia”
  • “Armenian and UNEP Partnership Initiative for Sound Managment of Chemical and Implementation of SAICM in Armenia”
  • NATO “Science for peace”: “Inventory, Monitoring and Analysis of Obsolete Pesticides in Armenia for Environment Sound Disposal”
  • “Management of Chemical Substunces in the Republic of Armenia ” EU (Poland)
  • UNIDO “Minamata Convention Mercury Inventory in the Republic of Armenia”
  • “Minamata Convention on Mercury․ Inventory of Mercury Emissions to the Environment in the Republic of Armenia” (UNIDO)
  • “Implementation of BAT and BEP for Reduction of UP-POPs Releases from Open Burning Sources” (UNIDO)

Բաժնի վարիչ Ա.Փ.Ենգոյանը արտասահմանյան ութ գիտական ամսագրերի հրավիրված խմբագիր է: