Էրազմուս+-ի հին-նոր գործընկերը ՀԱԱՀ-ում

 Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն հյուրընկալեց Բնական ռեսուրսների և կենսաբանական գիտությունների համալսարանի (Ավստրիա) ագրոնոմիական ֆակուլտետի պրոֆեսոր Ռեյնհարդ Նոյգշվանդտները, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսերը մասնագիտացված է ագրոնոմիայի և օրգանական գյուղատնտեսության ոլորտներում։

 Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին պրոֆեսորի այցի ժամանակացույցը, նախատեսվող գործողությունները, ինչպես նաև վերապատրաստումներին և դասախոսություններին վերաբերող կազմակերպչական հարցերը։
Հաշվի առնելով հյուրի մասնագիտական ուղղվածությունը, ՄԿԴ աշխատակիցները որոշել էին իրականացնել նաև արտահամալսարանական գործողություններ ևս։ Այսպես, ՄԿԴ պետի ուղեկցությամբ պրոֆեսոր Նոյգշվանդտներն այցելեց «Կանաչ արահետի» Ձորաղբյուրում գտնվող Ուսուցման կանաչ կենտրոն։ Այստեղի աշխատակիցները ներկայացրեցին կենտրոնի հիմնական նպատակները, իրականացված և ընթացիկ ծրագրերը, կենտրոնի նշանակությունը գյուղատնտեսության և, մասնավորապես՝ կանաչ գյուղատնտեսության զարգացման համատեքստում, ինչպես նաև ներկայացվեցին այն բուսատեսակները, որոնք կենտրոնի համառ ջանքերի շնորհիվ աստիճանաբար մտնում են հայ ֆերմերների այգիներ և դառնում նոր մշակաբույսեր։ Շրջայցին զուգահեռ Ռ․ Նոյգշվանդտները ներկայացրել ավստրիական փորձը կանաչ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև փաստեց, որ իրենց երկրում գյուղատնտեսական մասնագիտությամբ ուսանելու հետաքրքրությունը երբեք չի նվազել։

 Մեր հյուրն այցելեց նաև ագրոտեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ հանդիպեց ինկուբատորի ծրագրի համակարգող Ս․ Հայրապետյանին, ով ներկայացրեց ինկուբատորի աշխատանքը։ Այնուհետև իրականացվեց այցելություն ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներ, որտեղ մեր հյուրը ծանոթացավ տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը` գիտական գրադարան, նոր բացված գինու և հացի ու շոկոլադի լաբորատորիա, ջերմատուն, տեստային կենտրոն և այլն։

 Հաջորդ օրերի ընթացքում ավստրիացի պրոֆեսորը Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում իրականացրեց դասավանդում օրգանական գյուղատնտեսության և Ավստրիայում գյուղատնտեսության վարման վերաբերյալ։ Նա հանդիպում ունեցավ նաև ագրոնոմիայի ֆակուլտետի դեկան Ա․ Տեր-Գրիգորյանի, բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գ․ Թովմասյանի հետ։ Ավստրիացի պրոֆեսորը ներկայացրեց իր համալսարանը, այնուհետև քննարկվեց հետագա համագործակցության հնարավորությունները։

 Շարժունության հետագա օրերի ընթացքում կազմակերպվեց հանդիպում ագրոնոմիական ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի, ինչպես նաև բակալավրի ուսանողների հետ, որի ժամանակ մեր հյուրը ներկայացրեց «Գյուղատնտեսության հարմարվողականության ռազմավարություն կլիմայի փոփոխության պայմաններում» թեմայով դասախոսություն։ Այնուհետև իրականացվեց մեկ այլ հանդիպում, այս անգամ օրգանական և կայուն գյուղատնտեսություն կրթական ծրագրերի մագիստրանտների և ագրոնոմիական մասնագիտացման ասպիրանտների հետ, որին մասնակցեցին նաև անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի աշխատակիցները՝ ամբիոնի վարիչ գլխավորությամբ։ Եղան բուռն քննարկումներ Հայաստանի և Ավստրիայի կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության հարմարվողականության ռազմավարության վերաբերյալ թեմայով։

 Նման հագեցած այցը հնարավոր դարձավ նաև Ագրոնոմիայի փոխդեկան Ս․ Մամաջանյանի ակտիվ մասնակցությամբ, որին ՄԿԴ-ն հայտնում է իր երախտագիտությունը։

 Նշենք, որ սա պրոֆեսորի երկրորդ այցն էր ՀԱԱՀ։ Առաջին այցը իրականացվել էր Ավստրիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, որտեղ Ռ․ Նոյգշվանդտները ակտիվորեն մասնակցել է օրգանական գյուղատնտեսության կրթական ծրագրի մշակմանը։