ԷՕԳ հետազոտական կենտրոնը ճշգրտում է ոռոգման նորմերը՝ հանուն Սեւանի

0 Shares

Սևանալճի ֆաունայի և ֆլորայի նորմալ կենսագործունեությունը ապահովելու, կենսածին աղտոտումը նվազեցնելու, լիճ թափվող կենսածին տարրերի պարունակությունը ջրի ընդհանուր ծավալում նվազեցնելու, տարածաշրջանում եզակի քաղցրահամ ջրի այդ մեծագույն պաշարի քանակն ու մաքրությունը կայուն պահպանելու գործում չափազանց կարևոր են լիճ թափվող և դուրս եկող ջրի հաշվեկշռի կարգավորումը։

Այս ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններում իր ներդրումն ունի ՀԱԱՀ Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնը, որն ընթացիկ տարում  ուսումնասիություններ ու փորձարկումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում։ «Փորձարկումները միտված են հողաբարելավիչների (սուպերկոմպոստ, կենսահումուս, ցեոլիտ, բենտոնիտ, կենսահեղուկ, ֆուլվոթթուներ) տարբեր չափաքանակների կիրառման ժամկետների միջոցով պարզել այն արդյունավետ տեխնոլոգիան, որի օգնությամբ հնարավոր է պահպանել մշակաբույսերի աճի համար նորմալ խոնավությունը՝ որպես արդյունք պակասեցնելով վեգետացիայի ընթացքում կարտոֆիլի ջրումների թիվը, միեւնույն ժամանակ ապահովելով բարձր բերքատվություն եւ նպաստելով Սեւանալիճ թափվող ջրի քանակության ավելացմանը», – ասում է կենտրոնի տնօրեն, գյուղ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը:

Սեւանալիճ մուտք գործող ջրի քանակության որոշարկման առումով էական նշանակություն ունի գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի ճշգրտումը: Այդ առումով կենտրոնի մասնագետները չափազանց կարեւոր են համարում մշակել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը Սեւանի ավազանի ոռոգելի երկրագործության պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի, մասնավորապես դաշտային մշակաբույսերի (կարտոֆիլ, կաղամբ) եւ պտղատու այգիների տարածքներում ջրման առավել քիչ նորմով ու ջրի նվազագույն ծախսով կնպաստեն կայուն բերքատվությանը եւ կապահովեն բերքի բարձր որակ:

Արծվանիստ համայնքը, որտեղ Կենտրոնի աշխատակիցներն իրենց ուսումնասիրությունները կատարում են ֆերմեր Արայիկ Ղարիբյանի հողատարածքում, լավագույնս ներկայացնում է Սեւանի ավազանի հողակլիմայական բնորոշ պայմանները։