«Հավատարմագրումը բուհի հասունության վկայականն է, ուստի, նախքան հասունության հայտ ներկայացնելը, պետք է անցնել մի քանի փուլեր, որոնցից ամենակարևորը ինքնավերլուծությունն է: Այն հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմելու հաստատության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների մասին և ըստ այդմ մշակելու տեղայնացված ռազմավարություն»:
ՀՀ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյան
Հանրապետությունում որակի ապահովումը պարտադիր գործընթաց է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) համար:
Այն բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից`
- ՄՈՒՀ-երի որակի ներքին ապահովում (գնահատում), որը ՄՈՒՀ-ի պատասխանատվությունն է,
- ՄՈՒՀ-երի որակի արտաքին ապահովում (գնահատում), որն իրականացվում է որակի ապահովման անկախ գործակալության՝ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ) հիմնադրամի կողմից:
Հայաստանի մասնագիտական կրթության որակի ապահովման համար ՈԱԱԿ-ը մշակել է որակի ապահովման համապարփակ շրջանակ, որը կառուցված է չորս մեխանիզմների շուրջը։ Դրանք գնահատվում են ըստ սահմանված չափանիշների և չափորոշիչների, որոնց նպատակն է օժանդակել ՄՈՒՀ-երին՝ հաստատության և իրականացվող մասնագիտության կրթական ծրագրերի մակարդակում կատարելու ինքնագնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ոլորտները:
Արտաքին գնահատումը մի գործընթաց է, որի միջոցով մասնագիտացված կազմակերպությունը հավաքում է տվյալ հաստատության, վերջինիս որոշակի միավորի (ստորաբաժանման) կամ հաստատության հիմնական գործունեության/ծրագրի մասին տվյալներ, տեղեկություններ և ապացույցներ` այդ հաստատության կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ հայտարարություն կատարելու համար: Արտաքին գնահատումն իրականացվում է արտաքին փորձագետների, գործընկերների կամ տեսուչների կողմից և սովորաբար պահանջում է երեք տարբեր գործողություններ.
- ինքնվերլուծության զեկույցի վերլուծություն,
- փորձագիտական խմբի այց,
- գնահատման զեկույցի պատրաստում: