Դասախոսությունների շարք՝ վարժարանցիների մասնագիտական կողմնորոշման նպատակով

Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ավագ դասարանների մասնագիտական կողմնորոշման աշխատանքները գործնական փուլ են մտել: Նախորդիվ, վարժարանի ղեկավարությունը, ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը եւ դեկանատները համատեղ նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքներ են իրականացրել, ներառյալ նպատակային թեմաների ու բանախոսների ընտրությունը,  հանդիպումների ժամանակացույցի կազմումը։

Առաջիկա չորս շաբաթվա ընթացքում բոլոր ֆակուլտետների ներկայացուցիչները վարժարանի սաներին կպատմեն մասնագիտությունների, դրանց դերի, նշանակության, կարեւորության, մասնագիտական աշխատանքի հեռանկարների մասին: Նպատակը մեկն է՝ այս համակարգված աշխատանքի շնորհիվ բուհը սեպտեմբերին կունենա իրազեկ, միանգամայն հիմնավորված ընտրությամբ իրենց ապագան կերտող ուսանողներ:

Առաջին հանդիպումը անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծական ֆակուլտետում էր: Վարժարանի 10-12-րդ դասարանների աշակերտների հետ անչափ հետաքրքիր զրույց վարեց Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դոցենտ, Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը: Նա սաներին տեղեկացրեց այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող, պետությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի մասին, որն անմիջապես առնչվում է հանրային առողջության խնդիրների հետ: Այն չի ճանաչում պետությունների սահմաններ, տարիք, սեռ: Անասնաբույժ-բժիշկ-բնապահպան. այս երեք մասնագետներն են, որ պատասխանատու են մարդու առողջության համար:

Գարեգին Համբարձումյանը հրաշալի էր աշխատում լսարանի հետ, ինտերակտիվ մեթոդներով պատանիներին «ներքաշում» էր անկաշկանդ ու անկեղծ զրույցի: Համատեղ փորձում էին տարբերակել անվտանգ, որակյալ, հասանելի սնունդ եզրույթները: Պատանիները սովորում էին զգուշանալ սննդային հիվանդություններից, պաշտպանվել կենսաբանական ահաբեկչությունից:

Զրույցի վերջում բանախոսը խաղի միջոցով ճշտեց, թե աշակերտները ինչպես յուրացրին մեծ ծավալի տեղեկատվությունը: Վարժարանցիները անդադար հարցեր էին տալիս, որոնց սպառիչ կերպով պատասխանում էր դասախոսը, իսկ երբեմն էլ «խորամանկորեն» շահադրդում. «Այդ մասին կխոսենք, երբ մեր բուհի ուսանող կդառնաք»:

Փետրվարի 6-ին աշակերտները կայցելեն ՀԱԱՀ կենդանաբուժական կլինիկա:

Շեշտենք, Գարեգին Համբարձումյանը բարձր նիշ կերտեց եւ հաջորդ բանախոսները պետք է ջանան պատանիների «հետաքրքրվածության ալիքը» բարձր պահել, կամ գոնե «չկոտրել»: