Դեռ վաղնջական ժամանակներից, այդ թվում մեզ՝ հայերիս համար, օձը եղել է իմաստության եւ ուժի խորհրդանիշ: Ու երեւի պատահական չէ, որ ՏՏ զորեղ ծրագրակազմերից մեկն անվանել են հենց PYTHON: Տվյալագիտություն-PYTHON-արհեստական բանականություն. այս երեք փուլի մասին հիմնարար գիտելիքները շահառուներին հասանելի դարձնելու համար ԲՏ նախարարությունը ծրագիր է իրականացնում, որին մեր բուհից մասնակցում է տվյալագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մանուշակ Գրիգորյանը:
Եւ, բնականաբար, տիկին Գրիգորյանը նոր գիտելիքն անմիջապես փոխանցում-մատուցում է նաեւ գործընկերներին, որոնք աշխատանքային օրվա ավարտին մեծ հետաքրքրությամբ, ջանասիրությամբ համակարգչային կենտրոն են գալիս… սովորելու: Լսարանում կան տարիքային բոլոր խմբերից, նաեւ այլ ամբիոններից մասնակիցներ: Գրում են, կրկնում նախորդ թեման, քննարկում են, մտքեր փոխանակում:
Վերը նշված ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Խաչատրյանը խիստ կարեւոր համարեց այս դասընթացը, որն առաջիկայում հավանաբար պետք է ներառվի ուսումնական ծրագրերում եւ մատուցվի նաեւ ուսանողներին: Մտահոգում է միայն, որ ՏՏ նախնական գիտելիքների սերմանման բակալավրիատի առարկաների ժամաքանակները բավարար չեն գոհացնող արդյունքի հասնելու համար: Իսկ առանց այդ հիմնարար գիտելիքի նոր փուլն ավելի դժվարամարս կլինի, եթե չասենք՝ անմարսելի: Մինչդեռ, PYTHON-ը իսկապես հզոր գործիք է՝ բոլոր ոլորտների եւ վաղվա մասնագետների համար անփոխարինելի: