Բուհ + արտադրություն․ ջրի եւ ընդհանրապես՝ բնության հանդեպ երկյուղածությամբ

Օրերս, Մասիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպման էին հրավիրվել մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները եւ «Մելիորացիա» ՓԲԸ-ի ՈՉՀՄՎՄ բաժնի պետ Կարեն Մեսրոպյանը:

Հիշյալ համայնքում լուրջ խնդիրներ կան կոյուղաջրերի հեռացման հետ կապված: Հարցի լուծումը՝ այդ ցանցի ստեղծումը, հրամայական է, քանզի բնապահպանական լուրջ մտահոգությունների պատճառ է դառնում:

Մեր երկրի այլ բնակավայրերում եւս առկա են հոսքաջրերի եւ կոյուղաջրերի հետ կապված խնդիրներ, որոնք տարիներ շարունակ եղել են «Մելորացիա» ՓԲԸ-ի ուշադրության կենտրոնում եւ բազմիցս տարբեր հարթակներում բարձրաձայնվել են:

Կատարված ուսումնասիրության հիման վրա խնդրի լուծման նոր ու հետաքրքիր տարբերակ են առաջարկում մեր բուհի մասնագետները, որի շնորհիվ ակնկալվում է Մասիս քաղաքի կոյուղաջրերը հավաքելուց հետո ենթարկել այնպիսի ծծանցման, որ հնարավոր լինի վերադարձնել բնության ջրային շրջապտույտի մեջ, վերաօգտագործել եւ այն ոչ մի բնապահպանական կամ առողջապահական խնդիր չի հարուցի:

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաեւ առաջարկվող մեթոդի իրագործման համար պահանջվող ժամանակը, կոյուղաջրերի մաքրման ընթացքում հիմնական գործողությունները, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերն ու վտանգները:

Բոլոր կարեւոր հարցերը բազմակողմանի ու խիստ վերլուծության են ենթարկվել:

Քանի որ նման հանդիպումները գործնականում կիրառելի են դարձնում մշակված տարբերակները, ուստի «Մելիորացիա» ՓԲԸ-ն պատրաստակամ է համագործակցել Համայնքի եւ ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ վերը նշված խնդիրներին առավել արդյունավետ լուծելու վճռականությամբ։

Այս հանդիպմանը նախորդել է «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Միրոյանի եւ ՀԱԱՀ ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանի հանդիպումը, որը ընկերության եւ համալսարանի միջեւ բազմահողմանի համագործակցության հիմք է դրել։