Առաջին անգամ նշվեց Բույսերի առողջության պաշտպանության օրը

Երեկ՝ մայիսի 12-ին Ագրարային համալսարանում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպված կլոր սեղան-հանդիպմամբ մեկնարկեց Բույսերի առողջության պաշտպանության օրվա առաջին տոնակատարությունը։ Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներին, ձեռքբերումներին եւ առաջիկա քայլերին առնչվող հարցեր։

Բացելով հանդիպումը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը նորընծա տոնը կարեւոր համարեց բույսերի պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելուն միտված լուծումներ գտնելու տեսակետից։ Ռեկտորը ողջունեց կրթագիտական ոլորտի, գործող մասնագետների եւ պետական մարմնի ներկայացուցիչների՝ թերեւս առաջին անգամ մեկտեղվելու եւ համակողմանի ու նպատակային քննարկում իրականացնելու պատրաստակամությունը։ Ագրարային համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները ագրոնոմիական մասնագիտությունների, այդ թվում՝ բույսերի պաշտպանի մասնագիտության գրավչության բարձրացման համար, նշեց նա։ Շնորհավորելով գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, ռեկտոր Ուռուտյանը վստահություն հայտնեց, որ շահակից բոլոր կառույցների եւ մասնագետների ջանքերով հնարավոր կլինի հասնել միջազգայնորեն հռչակված «Մեկ առողջություն» գաղափարի առաջմղմանը։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, ողջունելով եւ շնորհավորելով գործընկերներին տոնի կապակցությամբ, առաջնային խնդիրների շարքում նույնպես շեշտադրեց մրցունակ կադրերի պատրաստումը։ Պարոն Հարությունյանն ասաց, որ խնդիրները վերհանելու եւ լուծումներ նախանշելու համար մեկ կլոր սեղանը չի կարող բավարար լինել եւ շահակից կառույցների ներկայացուցիչների այսպիսի պատկառելի կազմով շարունակական քննարկումներով միայն կարելի կլինի հասնել ցանկալի արդյունքի։

Բույսերի պաշտպանների ներկայացուցչական լսարանն այնուհետեւ ունկնդրեց ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի խոսքին․ ջերմորեն շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, նա նշեց, որ բուսասանիտարիան գյուղատնտեսության կարեւորագույն ճյուղն է։ Նա տոնը լավագույն առիթ համարեց ոլորտի կանոնակարգման եւ վերահսկողության համար պատասխանատու պետական մարմնի, կրթական հաստատության, մասնագիտական համայնքի, հասարակական կառույցների եւ այլ շահակիցների ուշադրությունը սեւեռելու առկա խնդիրների վրա։ Պարոն Նիկոյանը, ներկայացնելով տոնի ստեղծման պատմությունը, դրա ընդունումը շատ կարեւոր քայլ համարեց «ոլորտի ձայնը  լսելի դարձնելու» տեսակետից։ Ի թիվս այլ հրատապ անելիքների, ոլորտի կարգավորման եւ վերահսկողության համար պատասխանատու կառույցի ղեկավարը առկա մարտահրավերներին դիմակայելու առումով շատ կարեւոր համարեց գործող մասնագետների՝ Ագրարային համալսարանում վերապատրաստումները։

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ողջունեց Բույսերի առողջության պաշտպանության օր սահմանելու կառավարության քայլը։ Որպես մասնագետ, պարոն Տեր-Գրիգորյանը շեշտեց բույսերի պաշտպանության ավանդական եղանակների հնացածության, նոր տեխնոլոգիաների, գիտելիքահենք մոտեցումների վրա հիմնված կրթական ծրագրեր յուրացրած եւ գործնական գիտելիքներով ու հմտություններով զինված բանիմաց մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը։ «Այս առումով մեր համալսարանն առաջնորդվում եւ առաջ է գնում ռազմավարական մտածելակերպով ու գործելակերպով, եւ այս ճանապարհին լուծում ենք եւ առաջիկա տարիներին շարունակելու ենք լուծել երկու կարեւոր խնդիր՝ արդեն ընդլայնվող աշխատաշուկայի մասին իրազեկվածության եւ դիմորդների թվի ավելացման», – ասաց դեկան Տեր-Գրիգորյանը։

Ծավալված շատ հետաքրքիր, շահագրգիռ եւ անկեղծ քննարկմանը մասնակցեցին բոլորը՝ ոլորտի վաստակաշատ մասնագետից մինչեւ նոր ոլորտ մտած նորաթու շրջանավարտ։ Եղան նպատակային առաջարկներ՝ ուսանողների փորձուսուցումների եւ աշխատանքային կիսամյակների կազմակերպումից մինչեւ գյուղխորհրդատվության ոլորտի՝ մոտ անցյալի կառույցների՝ ԳԱՄԿ-երի վերականգնումը, տարիներ առաջ ընդունված Բույսերի պաշտպանության ազգային ծրագրի՝ «դարակներում փոշոտվելուց» մինչեւ թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգման որակական փոփոխության անհրաժեշտությունը (չարորակ նորագոյացությունների 80 տոկոսը պայմանավորված է սննդային գործոնով՝ ասաց բժիշկ Քրիստինա Վարդանյանը) եւ այլն։

Ամփոփելով հանդիպման աշխատանքները, ռեկտոր Ուռուտյանը, մասնակիցներին շնորհակալություն հայտնելուց, տոնի առթիվ եւս մեկ անգամ շնորհավորելուց առաջ շեշտեց ոլորտի վերահսկող, քաղաքականություն մշակող, մասնագիտական եւ կրթագիտական շրջանակների այս համատեղման կարեւորությունը, նշեց, որ համալսարանի համապատասխան կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու հարցում ակնկալում է բոլոր շահակիցների ներդրումը։

Բույսերի առողջության պաշտպանության օրվա կապակցությամբ, երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության համար ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալագրեր հանձնեց եւ պարգեւատրեց գյուղ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Թերլեմեզյանին եւ կենսաբանական գիտ․ դոկտոր Մասիս Սարգսյանին՝ նվիրելով նաեւ համալսարանի «Սերունդ» գինին։

Կլոր սեղանին հետեւեց համալսարանի շքասրահում բույսերի պաշտպանության միջոցներ ներկրող եւ վաճառող կազմակերպությունների կողմից բույսերի պաշտպանության միջոցների լայն տեսականու ներկայացումը՝ զուգահեռաբար իրականացնելով նաեւ մասնագիտական խորհրդատվություն:

***

Նույն օրը համալսարանի Փոքր դահլիճում կայացավ Բույսերի պաշտպանության օրվան նվիրված համաժողով՝ «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» խորագրով, որը վարում էր ՍԱՏՄ իրազեկման, խորհրդակցության եւ հանրության հետ աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Այս անգամ՝ բույսերի պաշտպան եւ հարակից մասնագետների շատ ավելի մեծ ու ներկայացուցչական լսարանի առջեւ ելույթներով հանդես եկան ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը, Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի տեղակալ Հրանտ Թերլեմեզյանը եւ ՍԱՏՄ ՀԱԲԼԾԿ բուսասանիտարական եւ բույսերի պաշտպանության միջոցների հետազոտության փորձարարական լաբորատորիայի ղեկավարի պաշտանակատար Լարիսա Սիմոնյանը։

Տոնի առթիվ համաժողովի մասնակիցների համար հաճելի անակնկալ էր պատրաստել դեկան Տեր-Գրիգորյանը․ նա հակիրճ ներկայացրեց Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի պատմությունը՝ ամբիոնի բոլոր երախտավորների՝ արդեն պատմական եւ անշուշտ՝ լսարանում գեղեցիկ հույզեր ու հուշեր առաջացնող լուսանկարներով ու խոսքով։

Ցուցադրվեց ՍԱՏՄ-ի գործունեությունը ներկայացնող ֆիլմ։