Շեշտել ենք եւ միշտ. երկրում առաջինը աշխատանքային կիսամյակը ներդրել է մեր բուհը, եւ, բնականաբար, առաջինը ագրոնոմներն են այս գործում, քանզի ի տարբերություն ագրարային մյուս բոլոր մասնագիտություն-մասնագիտացումների, այս ասպարեզը սեզոնային բնույթ-առանձնահատկություն ունի եւ մեկնարկում է երրորդ կուրսի վերջում՝ ութ շաբաթ տեւողությամբ: Հաջորդ կեսը՝ նույն չափաքանակով կշարունակվի աշնանը:
Այսօր՝ հուլիսի 4-ին, «Ագրոնոմիա» եւ «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրեցին աշխատանքային կիսամյակի առաջին փուլի հաշվետվությունները: Ուսանողների վստահ խոսքից ակնհայտ էր, որ լուրջ աշխատանք են կատարել՝ յուրաքանչյուրն իր աշխատավայր-տնտեսությունում:
-Մեզ համար շատ կարեւոր է հստակ պատասխանը՝ ձեր կարծիքով անջրպետ կա՞ բուհում ձեռք բերված գիտելիքի եւ գործնական աշխատանքի միջեւ,-բոլորին հարց էր ուղղում դոցենտ Ռուդիկ Նազարյանը:
Ե՛ւ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը, ե՛ւ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը նկատեցին, որ ուսանողները լսարանային մասնագիտական խումբ առարկաներ դեռ չեն ուսումնասիրել: Ինչ մնում է տեսական-գործնական-կիրառելի գիտելիքի անքակտելիությանը, ապա դիտարկումների ընթացքում, եթե խզում նկատվի, այդ ամենը կարտացոլվի կրթական ծրագրերում, որոնք ժամանակի հետ կանոնավորապես արդիականացվում են: