Ագրարային համալսարանը` հեղինակավոր THE վարկանիշային ցանկում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտնվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման Թայմս (THE – Times Higher Education) հարթակի Ազդեցության վարկանիշային ցանկում։

THE-ն համալսարանների համաշխարհային վարկանիշային ամենահեղինակավոր հարթակներից մեկն է, որ գործում է 2004-ից։ Այս տարի THE-ի Ազդեցության վարկանիշային ցանկում գնահատվել է 125 երկրների ընդամենը 2152 համալսարան։

Վարկանիշավորումն ընդգրկում է համալսարանների գործունեության երեք հիմնական ոլորտները՝ հետազոտություն, ազդեցություն եւ դասավանդում։

THE-ի Ազդեցության վարկանիշը տրվում է այն համալսարաններին, որոնք առավել մեծ հաջողության են հասել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում։ Մեր համալսարանը գնահատվել է հենց այս վարկանիշով, ընդ որում երկու ԿԶՆ-ների գծով (Սովի վերացում, Կյանքը ցամաքում) տեղ է զբաղեցրել առաջին 401-600 համալսարանների ցանկում, իսկ մի շարք այլ ԿԶՆ-ների (Մատչելի եւ կայուն էներգիա, Արժանապատիվ աշխատանք եւ տնտեսական աճ, Կայուն քաղաքներ եւ համայնքներ, Գործողություններ հանուն կլիմայի, Խաղաղություն, արդարություն եւ ամուր հաստատություններ) գնահատմամբ ՀԱԱՀ-ը 601-1000-րդ համալսարանների շարքում է։

Ընդհանուր առմամբ, Ագրարայինը Թայմսի վարկանիշային ցանկում հայտնված հայաստանյան  բուհերից միակն է, որ բավարարել է վարկանիշավորման պահանջները 17 ԿԶՆ-ներից 13-ի գծով։

Համալսարանի՝ վերջին տարիների գործունեության այսպիսի բարձր գնահատականն ու միջազգային ճանաչումը ցույց են տալիս, որ մենք կարողացել ենք հասնել ՀԱԱՀ-ի 2020-2024 թթ․ ռազմավարական պլանով նախատեսված հիմնական նպատակներին։

ՀԱԱՀ-ի հայտնվելը համաշխարհային դասակարգման հեղինակավոր վարկանիշային ցանկում վերջին տարիների հաջողությունների եւս մեկ, ծանրակշիռ վկայությունն է, որի համար շնորհավորում ենք Ագրարայինի մեծ ընտանիքին։