Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց անցյալ հանգստյան օրերին՝ հոկտեմբերի 22-23-ին Կոտայքի Ձորաղբյուր համայնքում տեղի ունեցած «Բերքի տոն․ գյուղական կյանք եւ ավանդույթներ» ամենամյա փառատոնին։ Մեր գործընկեր «Կանաչ արահետ» ՀԿ-ն հերթական անգամ բացառիկ հնարավորություն էր ընձեռել բոլոր մարզերից, Արցախից, Վրաստանից եւ Ուկրաինայից եկած ֆերմերային խմբերին՝ ցուցադրելու եւ վաճառելու իրենց արտադրանքը՝ թարմ եւ վերամշակված գյուղմթերք, հրուշակեղեն, խմիչքներ, ձեռագործ աշխատանքներ։
Ագրարային համալսարանի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները եւ ուսանողները ներկայացրեցին համալսարանի կրթական ծրագրերը, փորձարարական տնտեսությունների արտադրած բանջարեղենը եւ մեր ուսանողների ու դասախոսների մտքի ու ձեռքի արգասիք «Սերունդ» գինիները։ Առաջիններին մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հատկապես տարբեր դպրոցներից ժամանած աշակերտներն ու ուսուցիչները, վերջիններին՝ հատկապես արտերկրից ժամանած հյուրերը։
Փառատոնն, ինչպես միշտ, անցավ արտակարգ հետաքրքրությամբ, նշանավորվեց ֆերմերային խմբերի եւ դրանց հովանավոր միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ տեղեկությունների աշխույժ փոխանակմամբ, նոր գործարար կապերի հաստատմամբ եւ համեմվեց հայ եւ բարեկամ ժողովուրդների ավանդական երգն ու պարը ներկայացնող խմբերի գեղեցիկ կատարումներով։
Արդեն 9-րդ անգամ անցկացվող փառատոնը, չնայած առաջին օրվա ցրտաշունչ եղանակին, հաջողությամբ պսակվեց եւ ծառայեց հայ եւ ոչ միայն հայ գյուղացու արտադրանքի վաճառքին եւ հարակայուն գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու իր բուն նպատակին։
Բերքի տոնին ներկա էին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, հայաստանյան գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտում մեծ ներդրում ունեցող միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունները։