Մեր կայքի ուշադիր հետեւորդները տեղյակ են, որ հունվարի 25-ին մեկնարկեց «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի առաջին աշխատաժողովը: Նախագծի համակարգողը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, հայաստանյան գործընկերները՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը:
Եռօրյա աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Դուբրովնիկի (Խորվաթիա), Պորտոյի (Պորտուգալիա), Սլովակիայի Նիտրայի գյուղատնտեսության եւ առցանց՝ ուկրաինական երկու՝ Սումիի ազգային ագրարային եւ Ջրային եւ բնապահպանական ճարտարագիտության ազգային համալսարանները:
Ամփոփիչ նիստից առաջ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, նախագծի համադրող Գարեգին Համբարձումյանը նշեց, որ շատ արդյունավետ, հագեցած, շահեկան քննարկումներ են եղել, քանզի բոլոր մասնակիցները շատ կարեւորում են այս մեկնարկը: Հստակեցվել են անելիքները, մոդուլները, դրանց կատարման ընթացակարգը եւ ժամանակացույցը:
Հունվարի 27-ին եռօրյա աշխատանքների ավարտական փուլի ընթացքում քննարկված հիմնական հարցերը նվիրված էին տեղեկատվության փոխանակման, հանրության իրազեկման խնդիրներին: Չէ որ Հին Աշխարհի տարբեր զուգահեռականներում մի նախագծի շուրջ համախմբված գիտնականները պետք է արագ ու լիարժեք տեղեկություններ ունենան իրարից, կատարվածից եւ անելիքներից: Ուստի կստեղծվեն վեբ կայքեր, տեղեկատվական հարթակներ: Այս առումով մեծ անելիքներ ունեն նաեւ գործընկեր բուհերի եւ գիտական կենտրոնների կայքերը: