AFISHE. վերջին վերապատրաստումներով ամփոփվեց նախագծի կարեւորագույն բաղադրիչներից մեկը

Ավարտվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE («Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա») Էրազմուս+ ՀԳ2 նախագծի վերապատրաստումների՝ նոյեմբերի 11-ին մեկարկած վերջին շարքը, այս անգամ՝ նորաստեղծ լաբորատորիայում առկա սարքավորումների ուղղությամբ։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ՀԱԱՀ-ի առաջին մասնաշենքում բացվեց տարատեսակ հետազոտություններ իրականացնելու համար նախատեսված սարքավորումներով զինված AFISHE գիտակրթական լաբորատորիան։

Ճիշտ է, դրանց հիմնական ուղղությունը ջրային միջավայրի որակական եւ քանակական ցուցանիշների հետազոտությունն է, սակայն լաբորատորիայում կան սարքեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ուսումնասիրությունների ավելի լայն շրջանակ։ Մասնավորապես, առկա երկու ժամանակակից մանրադիտակները հնարավորություն են տալիս ոչ միայն ուսումնասիրել եւ դիտել, այլեւ լուսանկարահանել եւ տեսանկարահանել ուսումնասիրության օբյեկտները։ Կան ջրի եւ այլ հեղուկների որակական եւ քանակական (պղտորություն, pH, իոններ, լուծված թթվածին եւ օրգանական նյութեր եւ այլն) ցուցանիշների որոշման սարքավորումներ եւս։ Իսկ առկա սպեկտրոֆոտոմետրով հնարավոր կլինի ուսումնասիրել տարատեսակ նյութերի քանակները տարբեր միջավայրերում, ներառյալ՝ սննդամթերքում։

Վերապատրաստումն իրականացրեցին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմի լաբորատորիայի վարիչ Գեւորգ Մարտիրոսյանը եւ նույն լաբորատորիայի ավագ լաբորանտ Լիլիթ Ղուկասյանը։ Նրանք սկզբում ներկայացրեցին առկա սարքավորումների հնարավորությունները, դրանցով աշխատելու հիմնական մեթոդաբանությունը, որից հետո բացատրեցին եւ ցուցադրեցին դրանցով աշխատելու սկզբունքները։ Գործնական հմտությունների ամրապնդման նպատակով մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնելու մի շարք փորձեր։

Վերապատրաստմանը մասնակցեցին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների 15 աշխատակիցներ։ Նրանց մի մասն արդեն մասնակցել էր մյուս երկու վերապատրաստումներին, ինչպես նաեւ պատրաստել էին իրենց դասավանդած մոդուլներն ու ուսումնառության նյութերը՝ նախատեսված «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի համար։

Այսպիսով, այս վերջին վերապատրաստման միջոցով ավարտվում է AFISHE նախագծի կարեւորագույն բաղադրիչներից մեկը, այն է՝ մարդկային ռեսուրսների զարգացումը ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության ոլորտներում կրթագիտական աշխատանք իրականացնելու համար։ Հուսանք, որ նորաստեղծ լաբորատորիան «անգործ» չի մնա եւ կնպաստի հետազոտական բաղադրիչի զարգացմանն ու ամրապնդմանը ՀԱԱՀ-ում։