Իսահակյան-150 եւ ՀԱԱՀ գիտական գրադարան․ քոլեջի ուսանողները զարմացնում են

Ավելի քանի երկու տասնամյակ է, որ մեր երկրում պետականորեն, եթե չասենք համաժողովրդաբար, նշվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Այն շեշտում, արժեւորում ու վերարժեւորում է գրադարանների՝ որպես կրթամշակութային կարեւորագույն կառույցների դերը մեր իրականության մեջ։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարանի հանրույթը՝ տնօրեն Լիլիթ Վարդանյանի հմուտ ու նվիրյալ ղեկավարությամբ, մեթոդաբար շարունակում եւ ստեղծագործաբար զարգացնում է մեր գրադարանի լավագույն, այդ թվում այս գեղեցիկ ավանդույթը՝ տարաբնույթ միջոցառումներով։ Այդպիսի միջոցառումներից մեկը, թերեւս ամենաառինքնողը, կազմակերպվել էր ուրբաթ օրը՝ ապրիլի 18-ին, ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հաշվապահական հաշվառում մասնագիտության 2-րդ կուրսի մի խումբ ուսանողների կատարմամբ (ՀՀ-2-ը վերջերս աչքի էր ընկել նաեւ Հրանտ Մաթեոսյանի 90-ամյակին նվիրված տարբերվող նախաձեռնությամբ)։

Միջոցառումը նվիրված էր Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանին։ Անսպասելի էր, զարմանալի, մեղմ ասած ոգեւորիչ՝ մի շարք տեսանկյուններից։ Քոլեջականները, Հաղորդակցման հիմունքներ առարկայի իրենց դասախոս Անի Խուդավերդյանի առաջարկով, տիեզերական Իսահակյանից ընտրել էին «Աբու-Լալա Մահարին» եւ․․․ մեծամասամբ չէին հավանել պոեմի հանգուցալուծումը․ իրենք չէին փախչի իրականությունից։ Առհասարակ, որքան գեղեցիկ ու հայերեն, այնքան անկաշկանդ (մանավանդ աղջիկների դեպքում) ու հիմնավոր էր նրանց խոսքը։

Հակիրճ նախաբանին, որտեղ կարողացան ուրվագծել Իսահակյան բանաստեղծի, մանավանդ՝ ազգային մեծ գործչի կերպարը, հետեւեցին հանճարեղ պոեմի ներկայացումը եւ պանելային քննարկումը, որի մեջ երիտասարդները ներքաշեցին նաեւ ներկաներին՝ հասակակիցներին ու դասախոսներին։ Այս քննարկման «հետհամը» դեռ երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ։

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը չթաքցրեց իր գոհունակությունն ու հիացմունքը քոլեջականների գիտելիքներով, հաղորդակցվելու անուրանալի ձիրքով, սեփական կարծիքն ունենալու եւ հիմնավորելու ունակությամբ։ Նա բարձր գնահատեց եւ շնորհակալություն հայտնեց թե գրադարանի հանրույթին եւ թե դասախոս Անի Խուդավերդյանին՝ հետեւողական ու հաջողված ջանքերի համար։

Ուսանողներին, դասախոսին եւ գրադարանի ղեկավարությանը շնորհակալական խոսք ասաց նաեւ քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը՝ խոսքը եզրափակելով, թերեւս առաջին անգամ, այսպիսի բառերով․ «Դուք եք այստեղ լինելուս, ինձ այստեղ պահող պատճառը․ ես ձեզ սիրում եմ»։