Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր…
Իսկ հացի խնդիրը աշխարհում ահագնանում է օր ըստ օրե: Պատճառը թերեւս մակերեսային-պարզ է. մեր ժամանակների մարդ արարածը հայացքն ուղղեց դեպի նորագույն-նորաձեւ ոլորտներ ու մոռացավ ի սկզբանե իր մեծագույն հայտնագործությունների՝ հող մշակելու եւ կենդանիներ ընտելացնել-պահել-խնամելու, իր հանապազօրյա հացը արարելու մասին: Սակայն…
Ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում այս ուսումնական տարեսկզբին բակալավրիատի առկա համակարգում աննախադեպ համալրում եղավ. աստվածաբանության դոկտոր Գեւորգ Նալբանդյանն իր հիսնամյա հոբելյանը նշեց իբրեւ առաջին կուրսեցի: Ի դեպ, հոբելյան բառը միայն ու միայն հիսնամյակի դեպքում պետք է կիրառել, մնացածը տարեդարձեր են՝ նույնիսկ եթե կլոր թվով: Բայց հիմա խոսքն այս մասին չէ, այլ՝ Գեւորգի:
Ծնվել է Սիրիայում, ջատագովական աստվածաբանության ոլորտի «PhD-ն ըրել» է Եգիպտոսում, ղպտի եկեղեցու ուսումնական հաստատության կամարների ներքո: Աստվածաբանական գիտություններ է դասավանդել Լիբանանում եւ, 2019-ին հայրենադարձվելուց հետո՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում:
Նալբանդյանների սիրով միաբանված ընտանիքը հայրենադարձվեց եւ համեստ ագարակը հիմնեց Արագածոտնի մարզի Ագարակում.
-Սփյուռքում տուն հիմնելը նման է ավազի վրա կառուցելուն,- համոզմունքով պնդում է առաջին կուրսեցին,- շատ սիրեցի Ագրարային համալսարանը եւ այլեւս չեմ կարող կյանքս պատկերացնել այստեղից դուրս: Սիրում եմ բույսերի եւ կենդանիների աշխարհը: Կենդանիների անատոմիա հիմնովին ուսումնասիրելուց հետո ավելի զորացավ հավատքս Աստծու հանդեպ: Շենուդա Պատրիարքը, որն իմ հոգեւոր հայրն էր, հորդորում էր՝ միշտ ուսանող եղեք: Ահա՝ առաջին կիսամյակը հաջողությամբ ավարտեցի: Հույս ունեմ մագիստրատուրա-ասպիրանտուրա տրամաբանական ընթացքով շարժվելու,- ասում է Գեւորգը:
Միշտ հիացրել է սփյուռքահայերի բազմակողմանի օժտվածությունը՝ մարմնակրթություն, երաժշտական կրթություն, լեզուների փայլուն իմացություն: Դոկտոր Գեւորգն էլ բացառություն չէ: Նա իբրեւ սարկավագ ամեն շաբաթ ծառայում է Ոսկեվազի եկեղեցում՝ եւ հընթացս Պատարագի երգեհոն է նվագում: Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցու կայքում հանրամատչելի հոդվածաշարի հեղինակ է եւ փորձում է հատկապես երիտասարդների ուշադրությունը հրավիրել հիմնախնդիրների վրա:
Ինչպե՞ս է այս ամենը հասցնում օրվա ընդամենը 24 ժամի պայմաններում:
– Շենուդա Պատրիարքը թեզիս ղեկավարն է եղել: Նա ամեն ինչի համար ժամանակ ուներ: Եւ մտորում էի. 20 մլն ղպտի կա, որտեղի՞ց է ժամանակ գտնում նաեւ Գեւորգ Նալբանդյանի համար: Բայց ժամանակ գտնում էր: Իրավ է, օրը 24 ժամ ունի, բայց դա 1440 րոպե է․․․
Մեր հոգեւոր հայրերն են բանաձեւել եւ վաղուց. միտքը գրքի պետք ունի, մարմինը՝ հացի, հոգին՝ աղոթքի: Դոկտոր-սարկավագ-առաջին կուրսեցի Գեւորգ Նալբանդյանն այս եռամիասնության օրինակելի խորհրդանիշն է: